Քիշնևում ձախողվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը. Էռնեստ Վարդանյան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդավայի հայ համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը հայտարարել է, որ Քիշնևում ձախողել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը:
Ներկայումս Մոլդավայում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված օրեր: Դրա հետ կապված՝ Քիշնևում կազմակերպվել են կոնֆերանսներ, սգո ակցիաներ: Վարդանյանը հայտարարել է, որ հիշատակի միջոցառումների շրջանակներում պլանավորել էին երեկ երեկոյան Քիշնևի կինոթատրոններից մեկում ցուցադրել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը, սակայն վերջին պահին դա ձախողվել է.
«Մեզ անառարկելիորեն հայտարարեցին, որ՝ «մենք չենք կարող թույլ տալ ֆիլմի ցուցադրությունը»: Հրահանգը ստացվել էր կառավարական շրջանակներից»: Նա ընդգծել է, որ հիշատակի միջոցառմանը հրավիրված են եղել մոլդավացի հանրաճանաչ անձինք, լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր երկրների դեսպաններ.
«Ակնհայտ է, որ կինոցուցադրության տապալումը դիվանագիտական սկանդալ կառաջացնի Մոլդավայում: Դեսպանները վիրավորված հեռացել են տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ իրազեկված է այդ մասին»: Վարդանյանը հավելել է, որ վաղը Քիշնևի հայկական եկեղեցում հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: