
Օլանդը վստահ չէ, որ Դոնբասում անհրաժեշտ են խաղաղապահներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահ չէ Դոնբասում խաղաղապահ առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մեջ:
Օլանդն այդ մասին հայտարարել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Այսօր կա ԵԱՀԿ-ի առաքելության ներկայության ցանկություն, որպեսզի գործարկվեն Մինսկյան համաձայնագրերը և որ բոլորը հարգանք ցուցաբերեն դրանց նկամամբ:
Ֆրանսիան մասնակցել է խաղաղության պահպանմանն ուղղված ռազմական գործողությունների, սակայն մենք վստահ չենք, որ դա անհրաժեշտ է (Դոնբասում)»:
Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան մահաբեր զենք չի մատակարարի Ուկրաինային, քանի որ Ուկրաինան չի դիմել նման խնդրանքով: Պորոշենկոն հաստատել է Օլանդի այդ խոսքերը: