Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Վիեննայից հետ է կանչել իր դեսպանին: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունում:
Դրանում նշված է, որ դեսպան Հասան Գյողուշը հետ է կանչվել խորհրդակցությունների համար. «Թուրքիայում վրդովմունք է առաջացրել Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը, քանի որ այն հակասում է պատմական փաստերին և անհիմն ձևով թուրք ժողովրդին մեղադրում է հանցանք գործելու մեջ»:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ավստրիական կողմի այդ քայլը կարող է վնասել թուրք-ավստրիական հարաբերություններին ու բարեկամությանը: Ավստրիայի խորհրդարանը երեկ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Ավստրիացի պատգամավորները Թուրքիային կոչ են արել հստակություն մտցնել և լույս սփռել իր մութ անցյալի վրա և ճանաչել հայերի դեմ Օսմանյան կայսրության գործած հանցանքը: