Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքները շարունակվում են
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը և կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Փաստաթղթի կնքումը թույլ կտա ապահովել ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անընդհատությունը՝ իրականացնելով Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը և լայնացումը: