Թուրքիայում «Ց»-ով բառը հնչում է բոլորի բերանից. թուրք վերլուծաբան

«Հրանտ Դինքի պայքարն իրականության համար ապարդյուն չէր»,- Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը`ներկայացնելով թուրք հասարակության, քաղաքական մտքի փոփոխությունը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Նա նշեց, որ նախկինում դժվար էր պատկերացնել Թուրքիայում խորհրդաժողովներ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Ստամբուլում առաջին գիտաժողովը տեղի ունեցավ 2005 թվականին: «Երիտասարդ հետազոտողների թիվը գնալով աճում է: Հեշտ չէ պրոֆեսորի դուռը թակել, որպեսզի նա Ցեղասպանության թեմայով դոկտորական թեզի ղեկավար լինի, սակայն աճում է մասնագետների թիվը, որոնք ուզում են այս հարցը ուսումնասիրել: Ցեղասպանության տարբեր կողմներն են ուսումնասիրում առանձին-առանձին»,- ասաց թուրք քաղաքագետը:

Նա նշեց, որ տեղի է ուննեում ռեստավրացիա: Աքթարն ակնարկում է Սուրբ Կրակոսի մասին: « Դա արեցին քրդերը, ամբողջ ծախսերը հոգացին, ես այնտեղ էի, Զատիկից անմիջապես առաջ և սառը ցնցուղի զգացում ունեցա, եկեղեցին կենդանի էր, ապրում էր, ոչ միայն հայերը, կամ թարմ կրոնափոխ հայերն էին, քրդեր և ուրիշներ էին այնտեղ, որոնք այցելում էին, նախապատրաստվում Զատկի տոնին: Ուրախությամբ էին այցելում: Հայկական արվեստի գիտութան, երաժշտության ժառանգությունը գնալով ավելի տեսանելի է դառնում, թուրքերը ու քրդերը հաշտվում են այն լավ հուշերի հետ: Չէ՞ որ մարդիկ հիմա սկսում են ճանաչել ժառանգությունը այն հողերում, որտեղ նախկինում հայեր են բնակվել երկրի Արևելյան մասում»,- ասաց Թուրքիայից ժամանած պատվիրակը: Նա մի դիտարկմամբ ևս կիսվեց, ասելով, որ շատ հայերի ժառանգներ, որոնք Ցեղասպանությունից հետո կրոնափոխ էին եղել, ետ են կրոնափոխ լինում` վերադառնալով քրիստոնեությանը:

Թուրք վերլուծաբանն ասաց, որ Թուրքիայում արմատների ինտենսիվ փնտրտուք է ընթանում: Ըստ նրա` գնալով ավելանում են թուրքերը և քրդերը, որոնք հպարտորեն խոսում են իրենց հայկական արմատների մասին, այնինչ նախկինում դա քողարկված ճշմարտություն էր, իրենք այսօր այդ մասին գրքեր են գրում, ֆիլմեր նկարահանում: Այսինքն, նրա խոսքով, թաբուներն են փոխվել: «Ցեղասպանության առաջին միջոցառումը տեղի ունեցավ 2010թ. Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, ուրբաթ հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայի 28 քաղաքներում: Կրիկնում եմ, որոնցում բացեիբաց խոսում են Ցեղասպանության և դրա հետևանքների մասին, Վանի, Այնթափի նման քաղաքներում: Անտեսանելի երևույթներ նախկինում: Մասնագետները կիմանան, որ սրանք բարդ քաղաքներ են: «Ց»-ով բառի գործածումը Թուրքիայում պատժելի է, բայց դա չի կիրառովում: Ց-ով բառը հնչում է   Թուրքիայում բոլորի բերանից: Պաշտոնական պատմույթի մեջ ասում են «այսպես կոչված Ցեղասպանություն» որակումը, բայց դա ևս դուրս է եկել բառապաշարից»,- ասաց Չենգիզ Աքթարը: Եզրափակելով իր ելույթը` Աքթարն ասաց, որ ցանկանում է հիշատակի տուրք մատուցել իր ընկերոջը Հրանտ ԴԻնքին, ով սպանվեց: «Նա երջանիկ կլիներ այստեղ լինել: Իրողության, իրականության համար նրա պայքարն ապարդյուն չէր և հաստատ շարունակվելու է»,- վստահեցրեց թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս