ՄԱԱ. «Հայոց Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է»

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մեր սերնդին է բաժին ընկել ոգեկոչելու հայ ժողովրդի բազմադարյա պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մշակվեց և գործողության մեջ դրվեց հայ ժողովրդի բնաջնջման, նրա պատմական հայրենիքի բռնազավթման հրեշավոր ծրագիրը, որին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր:

Այսօր, անտեսանելի հոգևոր կապերով շղթայված, 1.5 միլիոն հայերի հիշատակը իրենց սրտերում, 100-ամյա տարելիցը ոգեկոչում են աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի զավակներըը: Յուրաքանչյուր հայ լսում, զգում և կրում է իր միլիոնավոր հայրենակիցների մրմուջը, ցավն ու մորմոքը, որոնց ձայները լսվում են արաբական անապատներից, հեռավոր Ավստրալիայից, Կալիֆորնիայի լեռներից, արևավառ Աֆրիկայից, Կանադայի անտառներից, եվրոպական քաղաքներից, սլավոնական տափաստաններից: Հայի ձայնը չի լսվում միայն իր բնօրրանից՝ Վանից, Կարինից, Նեմրութի ու Սիփանի լանջերից, Բերկրիի ու Մշո դաշտերից:

Մամուլի ազգային ակումբը, միանալով աշխարհի տարբեր ծայրերում Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ոգեկոչող իր ազգակիցներին և օտարազգիներին, արձանագրում է՝

  • Հայոց Ցեղասպանությունը մարդկութայն դեմ գործած հանցագործություն է: Այն մարդու և ազգերի՝ սեփական երկրում ապրելու իրավունքի բռնադատում էր: Նրա ընդունումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից մարդու և ազգերի իրավունքների հանդեպ հարգանքի և դրանց գերակայության վերահաստատումն է,

–   Ցեղասպանությունների կանխարգելման առաջին պայմանը արդեն եղած Ցեղասպանությունների ընդունումն ու դատապարտումն է,

  • անհանդուրժողականության, ատելության, թշնամանքի կոչերն ու քարոզչությունը ստեղծում են պարարտ հող և հարմար միջավայր՝ ցեղասպանությունների իրականացման համար,
  • անգամ 21- րդ դարում ցեղասպանությունները մնում են մարդկության համար լրջագույն սպառնալիք, խնդիրների լուծման վայրագ միջոց,
  • իր իսկ պատմությանը դեմ հանդիման կանգնելը, Հայոց Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը Թուրքիայի կողմից խաղաղ տարածաշրջան ունենալու երաշխիք է:

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝

  • Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին՝ չլռել, պատմել այն ամենի մասին, ինչ կատարվել է 100 տարի առաջ և պահանջել Թուքիայի իշխանություններից ընդունել և դատապարտել Օսմանյան կայրսության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը. դա պատմական ծանր բեռը թոթափելու և սերունդներին այդ բեռից ազատելու միակ ճանապարհն է:

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է՝

  • 5 միլիոն ցեղասպանված հայերի կենդանի, ապրող հուշաձանը պիտի դառնա ազատ, անկախ, ժողովրդավարական ազատությունները, մարդու իրավունքները հարգող, սեփական ուժերին և սեփական անվտանգությանն ապավինած Հայաստանը, ՀՀ քաղաքացուն երկրում պահող, երկրի հետ կապող միջավայրի և պայմանների ստեղծումը:

Ոգեկոչելով՝

1.5 միլիոն նահատակների հիշատակը, մենք՝ Հայկի և Արամի, Արտաշեսի և Տիգրանի Մեծի, Մաշտոցի և Նարեկացու հետնորդներս, մտովի երդում տանք նրանց կառուցելու ազատ, անկախ, առաջադեմ, հզոր, մրցունակ պետություն՝ ալեհեր Արարատի խոկուն հայացք տակ, մեր սրտերը թողած Արարատի մյուս լանջին, մեր աչքերը հառած դեպի գալիքը»:

22 ապրիլի, 2015 թ.

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս