Նոր բիզնես` Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանն անսովոր աշխուժություն է ապրում: Եվ չնայած ապրիլի 24-ի իրադարձությունների հիմքում 100-ամյա վաղեմության ողբերգական դեպքերն են, եւ առանց տխրության դժվար է այդ մասին խոսել, բայց բազմահազար հյուրերի հոսքը, տարբեր միջոցառումների մասին լրատվությունը, գերտերությունների ուշադրությունը, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտ են ստեղծել երկրում:

Մեզ՝ հայկական լեռնաշխարհում ծվարած հայերիս համար կարեւորվելու, միջազգային ուշադրության կիզակետում լինելու, ակտիվ ու բուռն կյանքով ապրելու հնարավորություն: Այս օրերին մենք հասկացանք, թե ինչպես են ապրում այն երկրները, որոնք մեծ թվով զբոսաշրջիկներ են ունենում, որոնց օդանավակայաններում րոպեն մեկ ինքնաթիռ է իջնում, եւ հյուրանոցներում հարկավոր է մի քանի ամիս առաջ տեղեր ամրագրել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված՝ անսովոր աշխուժություն է ոչ միայն մայրաքաղաքի հյուրանոցներում, որոնք, օգտվելով պատեհ առիթից, գներն այնքան բարձրացրին, որ մի քանի օրում մի քանի ամսվա եկամուտ կապահովեն, այլեւ սրճարան-ռեստորաններում, թանգարաններում, թատրոններում:

Ուշագրավ է, որ այս օրերին շահում են անգամ անհատ անձինք, ովքեր փորձում են փող աշխատել: Մեր զրուցակիցներից մեկը, օրինակ, պատմեց, որ ինքը մայրաքաղաքի կենտրոնում է բնակվում եւ իմանալով, որ հյուրանոցներում ազատ տեղ չկա, եւ հյուրերի մի մասը վարձով բնակարան է փնտրում, մեկ ամսով տեղափոխվել է բարեկամների տուն եւ իր բնակարանը վարձով է տվել: «Մեկ ամսվա ընթացքում մոտ 1600 դոլար կաշխատեմ, որ քիչ չէ ինձ համար»,- ասում է նա»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս