Բաժիններ՝

«Բարոյականության բացակայություն»

Երեկ քրեական վերաքննիչ դատարանը մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի կալանավորման որոշումների դեմ նրանց պաշտպանների ներկայացրած բողոքները: Դատարանը երեկ սկսել, սակայն չի ավարտել Գարեգին Չուգասզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բողոքի քննությունը: Երեկ մեղադրյալների պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ բողոքի քննության ընթացքում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, սակայն այն մերժվել է: Փաստաբանի խոսքով՝ գործով ձևականորեն նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար` արդյոք հայտնաբերված առարկաների մի մասը սառը զե՞նք են, թե՞ ոչ, սակայն դա, ըստ նրա, որևէ նշանակություն չունի գործի համար: Արա Զաքարյանի կարծիքով՝ դա արվում է մի բանի համար, որ «գործի էջերի ծավալն ավելացնեն, ասեն՝ նայեք, մենք ջանասիրաբար գործը քննում ենք»:

– Պարոն Զաքարյան, ի՞նչ հիմքով էիք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել:

– Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ մինչև Գ. Չուգասզյանի վերաբերյալ մեր բողոքը քննության առնելը, դատարանն արդեն իսկ Պավել Մանուկյանի կալանավորման որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ որոշում էր կայացրել, մերժել էր այն, այսինքն՝ ըստ էության՝ դատարանը որոշմամբ համոզմունք էր հայտնել այն մասին, որ որպես այդպիսին ներկայացրած նյութերը բավարար հիմք են տալիս ասելու, որ հանցագործության դեպք է տեղի ունեցել, որ Պ. Մանուկյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցանքին, որ Պ. Մանուկյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կխոչընդոտի քննությանը, որ նման պայմաններում նրա նկատմամբ պետք է կիրառել միայն կալանքը՝ որպես խափանման միջոց, և, որ գրավը չի կարող Պ. Մանուկյանին զերծ պահել անօրինական գործողություններ կատարելուց:

Ara ZaqaryanՊ. Մանուկյանի և Գ. Չուգասզյանի մեղադրանքները բովանդակային առումով լրիվ իրար համընկնում են, այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ նրանք իբր համատեղ պայմանավորվածություն են ձեռք բերել և կատարել որոշակի քայլեր զանգվածային անկարգությունները կազմակերպելու առումով: Թե Պ. Մանուկյանի, թե Գ. Չուգասզյանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված հիմքերը նույնն են, այսինքն՝ նույն տեղեկություններն ու ապացույցներն են ներկայացվել, հետևապես` նման պայմաններում առնվազն միամտություն կլիներ ակնկալել, որ նույն հանգամանքի վերաբերյալ դատավորը, որը մինչ այդ արդեն իսկ հստակ հայտնել է իր համոզմունքը, կարող է մեկ այլ մեղադրյալի նկատմամբ բոլորովին այլ հետևության հանգի, այսինքն՝ որ որպես այդպիսին` հանցադեպի վերաբերյալ տեղեկություններ չկան, որ հիմնավոր կասկած չկա, որ Գ. Չուգասզյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, նրա նկատմամբ պետք է կիրառել միայն կալանքը, և, որ գրավի մերժումը զերծ կպահի անօրինական գործողություններ կատարելուց:

Կարդացեք նաև

Սա ակնհայտ է անկողմնակալ դիտորդի համար, և ես, ճիշտն ասած, ակնկալում էի, որ գոնե դատարանը ձևականորեն միջնորդությունը կբավարարի այն պատճառաբանությամբ, որ թեպետ դատարանը կաշկանդված չէ այս հանգամանքներով, բայց պաշտպանական կողմի բոլոր կասկածները փարատելու առումով ուղղակի բավարարում է միջնորդությունը, որ բողոքն այլ դատավոր լսի: Բայց, ի զարմանս ինձ, դատավորը գտավ, որ Պ. Մանուկյանի գործով փաստական տվյալները բոլորովին այլ են, քան Գ. Չուգասզյանի գործով: Սա խոսում է մի բանի մասին՝ դատավորներն անկախ չեն անգամ իրենց ինքնաբացարկների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, էլ ի՞նչ ակնկալիքներ ունենանք, ըստ էության, մեր բողոքները քննելիս որոշումներ կայացնելիս:

– Մեղադրյալների մյուս պաշտպաններն էլ նշեցին, որ սա քաղաքական հետապնդում է: Ամեն դեպքում, նախաքննական մարմինը Ձեր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներում ի՞նչ փաստական տվյալներ է նշում:

– Որ իբր նրանց բնակարաններից, գրասենյակներից հայտնաբերված մետաղյա, երկաթյա ձողերը, խոհանոցային դանակները, հուշանվեր հանդիսացող, պատին փակցված թուրը հանդիսացել են գործիքներ զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար, և որ նրանք, ըստ էության, իրենց կայքում, բուկլետներում և թռուցիկներում նշել են այնպիսի տեղեկություններ, որոնք, որպես այդպիսին, իշխանությունը զավթելու վերաբերյալ կոչեր են պարունակում, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներ են կատարել, որպեսզի 2015թ.ապրիլի 24-ին քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրինական միջոցառման ընթացքում զանգվածային անկարգություններ իրականացնեն:

Ես չեմ ցանկանա խոսել առաջադրված մեղադրանքի բարոյականության մասին. այսպես ասեմ՝ բոլորս լավ գիտենք, թե ովքեր են Ժ. Սէֆիլյանն ու նրա գործընկերները, ինչ լումա ունեն ազգի համար, և ես ցավում եմ, որ նման անհեթեթ մեղադրանք են առաջադրում: Երևի թե ամեն մեկն իր բարոյականության չափանիշերին համապատասխան քայլեր է իրականացնում: Պատկերացնել, որ այդ մետաղյա, փայտյա ձողերով, խոհանոցային դանակներով Ժ. Սէֆիլյանն ու իր գործընկերներն ուզենան զանգվածային անկարգություններ իրականացնել, այն էլ` ապրիլի 24-ինգ ես սա համարում եմ ուղղակի բարոյականության բացակայություն մեր իշխանությունների մոտ:

– Իշխանության մարմինների գործողություններում հակասություն տեսնո՞ւմ եք, քանի որ քաղաքապետարանն արտոնել էր հանրահավաքը, սակայն, եթե չեմ սխալվում, քրեական գործ հարուցելու մասին որոշումը մինչ այդ էր կայացվել:

– Քրեական գործը հարուցվել է 2015թ. փետրվարի 17-ին, թույլտվություն ստանալու հայտով «Հիմնադիր խորհրդարանը» քաղաքապետարան էր դիմել 2015թ. մարտի 28-ին թե 29-ին, և մի քանի օր հետո ստացել է թույլտվությունը, իսկ «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն՝ քաղաքապետարանը թույլտվությունից առաջ նաև խորհրդակցում է այլ կառույցների հետ, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Դատախազության հետ՝ հաշվի առնելով և՛ անվտանգությունը, և՛ մի շարք այլ հանգամանքներ, և եթե կան մերժելու համար օրենքով սահմանված հիմքեր, մերժում է:

Տվյալ դեպքում, ինչպես նշեցի, մինչև քաղաքապետարան դիմելը մոտ 40 օր առաջ արդեն քրեական գործը հարուցված էր, և ըստ դատարանների որոշումների՝ այն տեղեկությունները, որոնք մեր պաշտպանյալներին կալանավորելու հիմք են հանդիսացել, արդեն 2015թ. փետրվարի 20-ի դրությամբ ապացույցի տեսքով գտնվել են քրեական գործում: Հետևապես` սա խոսում է մի բանի մասին՝ կ՛ամ տեղեկությունները, որոնք դատարանի համար հիմք են հանդիսացել մեր պաշտպանյալների նկատմամբ կալանք կիրառելու համար, ոչ մի նշանակություն չեն ունեցել, և որպես այդպիսին՝ օբյեկտիվորեն չեն վկայել մեր պաշտպանյալների կողմից զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մասին, դրա համար էլ ուժային կառույցներն իրենց համաձայնությունն են տվել քաղաքապետարանին՝ միջոցառում իրականացնելը թույլատրելու համար, կա՛մ էլ այդ ամենն անելուց հետո իշխանությունները, հասկանալով, որ ապրիլի 24-ի միջոցառման ընթացքում ժիրայր Սէֆիլյանը և իր գործընկերները, հնարավոր է, նաև իշխանությանը սուր քննադատեն, որոշել են նման ձևով նրանց ազատությունից զրկել՝ փաստացի հնարավորություն չտալով այդ միջոցառմանը մասնակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս