Մահչուփյանը պատմել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական դառնալու և պաշտոնաթող լինելու պատճառների մասին
Gerçek Gündem-ի փոխանցմամբ՝ տարիքի (65 տարին բոլորելու) պատճառով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից պաշտոնաթող եղած Էթյեն Մահչուփյանը պատմել է պաշտոնաթողության պատճառների մասին: Նա հերքել է, որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր արած հայտարարարություններին՝ ընդգծելով, որ դրա պատճառը եղել է իր տարիքը:
Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ ընդունելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկը: Մահչուփյանը հայտարարել է, որ դրա համար ունեցել է 3 պատճառ:
Որպես առաջին պատճառ՝ Մահչուփյանը նշել է այն, որ լինելով մտավորական՝ ցանկացել է ունենալ քաղաքական որոշումներ կայացնող գործիչների վրա ազդելու և իր մտքերը պաշտոնականացնելու հնարավորություն, ինչը և ընձեռել է այդ առաջարկը: Մահչուփյանը երկրորդ պատճառ է համարել այն, որ արդեն 20 տարի աջակցում է իսլամական կուսակցություններին, այդ թվում՝ նաև ներկայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ):
Որպես երրորդ պատճառ՝ Մահչուփյանը նշել է այն, որ առաջարկն իր համար եղել է հաճելի ու սրտամոտ, հարգանք է զգացել իր նկատմամբ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը՝ Մահչուփյանը հայտարարել է, որ դրա մասին վկայել են տարիներ շարունակ իր գրածներն ու ասածները.
«Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես ինչ խորհուրդ կտայի վարչապետին Ցեղասպանությունը ճանաչելու հարցում, ապա, եթե ես լինեի վարչապետ, ապա չէի ճանաչի ցեղասպանությունը, որովհետև վարչապետը նախևռաջ պետք է զբաղվի քաղաքացիների այսօրվա բարօրությամբ և օգտակար քայլերով, և ոչ թե՝ նրանց մտցնի անորոշության թունել»:
Թուրքական մամուլը Մահչուփյանի այս խոսքերը որակում է որպես հետքայլ՝ հիշեցնելով, որ սրանից առաջ նա հայտարարել էր, որ եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն անվանվում է ցեղասպանություն, ապա անհնար է ցեղասպանություն չանվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը: