«Թուրքիան պատրաստ չեղավ ապրիլի 24-ին…». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու գործընթացն իր տրամաբանական նպատակին հասել է: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակից հետո և՛ Հայաստանը, և՛ հայկական սփյուռքը շնորհակալ կլինեն բոլոր այն երկրներին, որոնք կշարունակեն այս կամ այն մակարդակով ճանաչել Ցեղասպանության պատմական իրողությունը, բայց ըստ նրա՝ 2015 թվականից մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի ճանաչումը՝ Թուրքիայի. «որը, կարծում եմ, այս կամ այն ձևով նույնպես տեղի կունենա»:

Քաղաքագետի խոսքով՝ մեզ համար ամենակարևորն այս պահին պետք է դառնան ոչ այնքան ապրիլի 24-ի իրադարձությունները, այլև այն, թե ինչ ճանապարհով և ինչ ռազմավարություն մենք պետք է ունենանք ապրիլի 25-ից հետո.

«Որովհետև լինելու է և՛ 101-րդ ամյակը, լինելու է և՛ 111-րդ ամյակը, լինելու է գործընթաց, որը շատ տրամաբանական է, որ չի կարող ավարտ ունենալ, պարզապես այլ քաղաքական, և, ինչո՞ւ չէ, նաև միջազգային իրավական դաշտում դա տեղի կունենա: Թե ինչ ֆորմատ կլինի, և ինչ մոտեցումներ կունենա, առաջին հերթին՝ հայական կողմը, ես կարծում եմ՝ դա նաև պետք է դառնա առարկա բավականին լայն քննարկումների, դիսկուրսների՝ քաղաքական ուժերի մակարդակով՝ և՛ հասարակական, և՛ սփյուռքի համայնքներում»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի արձագանքը Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության մասին բանաձևից հետո, արդյոք չէի՞ն սպասում, որ նման բան կարող է լինել, Ս. Մինասյանը պատասխանեց, որ թուրքերն իսկապես միգուցե չափազանցրել են սեփական հնարավորությունները.

«Այս արձագանքը միանշանակ ցույց է տալիս, որ բավականին շոկային իրավիճակում էր գտնվում: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ եթե դու բարկանում ես՝ ուրեմն դու մեղավոր ես: Այսինքն՝ դա ավելի շատ ցույց է տալիս, որ Թուրքիայի հասարակությունը և Թուրքիայի քաղաքական շրջանակները, հերթական անգամ այս ձևի ռեակցիա ցույց տալով, ապացուցում են մի կողմից՝ պատմական իրողությունը, և մյուս կողմից՝ այն, որ Թուրքիայում շատ լավ հասկանում են այդ իրադարձության և մեղքի բաժինը, նաև այն, որ այս կամ այն ձևով միջազգային հանրությունն արդեն լիակատար այդ հանգամանքը ճանաչում է»:

Ըստ քաղաքագետի՝ այն երկրները, որոնք, թվում է, թե բավականին լուրջ շահեր ունեին Թուրքիայի հետ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտում, դրա հետ մեկտեղ, չեն կարող խուսափել «այդ բարոյական պարտավորությունից»:

Նրա խոսքով՝ մենք արդեն տեսնում ենք, որ և՛ Ռուսաստանից, և՛ եվրոպական երկրներից արձագանք է եղել, և կարծում է՝ նաև «բավականին հետաքրքիր» մասնակցություն կլինի Միացյալ Նահանգների կողմից. «Ես գիտեմ, որ կան բանակցություններ, և գուցե բավականին հետաքրքիր անակնկալ կլինի առաջին հերթին՝ թուրքերի, բայց նաև ԱՄՆ-ի հայկական համայնքի համար: Կարելի է ասել՝ թուրքերը տասնամյակներով պատրաստվում էին այս տարվան, բայց նրանք չարաշահել էին սեփական ինքնավստահությունը: Թուրքիան, չնայած այդ բոլոր տարիների նախապատրաստական աշխատանքներին, պատրաստ չեղավ ապրիլի 24-ին, և մենք դա կտեսնենք այս մի քանի օրվա ընթացքում և հետագա զարգացումների արդյունքում»:

Տեսանյութեր

Լրահոս