Գերմանացի քաղաքական գործիչները համաձայն են հայերի զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն. DW
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում իշխող կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվել, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հանցանքները ճանաչվեն՝ որպես ցեղասպանություն: Առաջիկա օրերին այդ հարցը դիտարկելու է Բունդեսթագը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անցել է նրանց կողմը, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել՝ որպես ցեղասպանություն: Ապրիլի 20-ին Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը կարելի է միավորել «ցեղասպանություն» հասկացության տակ:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ թեմայի շուրջ գնալով ավելի թեժացող քաղաքական բանավեճերը կարող են բարդացնել և նույնիսկ անհնար դարձնել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը:
Քրիստոնյա դեմոկրատական միություն-Քրիստոնյա սոցիալական միություն կուսակցությունների միավորման խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն իր հերթին՝ հայտարարել է, որ «ցեղասպանություն» բառեզրը պետք է առկա լինի Բունդեսթագի բանաձևում:
Նա ընդգծել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները որակել՝ որպես ցեղասպանություն՝ չնայած Անկարայի բողոքներին: Saarbrücker Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է. «Մենք կգտնենք այն ձևակերպումը, որը համապատասխան ձևով կնշանավորի ցեղասպանության փաստը, որը 100 տարի առաջ իրականացվել է Թուրքիայում: «Ցեղասպանություն» բառը պետք է առկա լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին կընդունի Բունդեսթագը»:
Նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթում կօգտագործի նաև Գերմանիայի դաշնային նախագահ Յոահիմ Գաուկը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոահիմ Գաուկը չեն մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին: