Իրանի հրթիռներն ամեն տարի արդիականացվում են՝ դառնալով առավել ճշգրիտ, հզոր և մահաբեր. Նեթանյահու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության կիրակնօրյա նիստը բացել է Ռուսաստանին քննադատելով՝ Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրված արգելքը հանելու համար.
«Իսրայելը Ռուսաստանի կողմից Իրանին C-300 համալիրների վաճառքի հարցն ընկալում է որպես արտակարգ ծանր հարց այն ժամանակ, երբ Իրանն ընդլայնում է ագրեսիան տարածաշրջանում և Իսրայել պետության սահմանների երկայնքով»:
Նեթանյահուն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պատրաստվող համաձանագրում որևէ կերպ հիշատակված չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «իրանական ագրեսիան». «Երեկ մենք տեսանք Թեհրանում անցկացված զորահանդեսը և զենքի այն ցուցահանդեսը, որն Իրանը ցուցադրեց աշխարհին:
Ամեն տարի նրանց հրթիռներն արդիականացվում են, դառնում են առավել ճշգրիտ, հզոր և մահաբեր: Անփոփոխ է մնում միայն նրանց վրա կատարված գրառումը՝ «Մա՛հ Իսրայելին»: Իսրայելն անելու է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի այդ սպառնալիքներից ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը»: