Չավուշօղլուն արդեն Վաշինգտոնում է
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գտնվում է ԱՄՆ-ում: Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Թուրք-ամերիկյան մշակութային ու քաղաքակրթության կենտրոնի բացումը պետք է անեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ռեջեփ Էրդողանը:
Չավուշօղլուն այցելել է այդ կենտրոն և հետևել է կառուցման աշխատանքների ընթացքին: Ավելի ուշ նա հանդիպում է ունեցել ԱՄՆ մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ: Չավուշօղլուն նրանց հայտնել է, որ կենտրոնի ու մզկիթի բացումը տեղի կունենա շուտով, և որ դրանց կմասնակցի Էրդողանը:
Չավուշօղլուի խոսքերով՝ Էրդողանն Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է կենտրոնի բացումը համատեղ անելու մասին առաջարկը, ինչը սկզբունքորեն ընդունվել է Օբամայի կողմից: Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Հայ համայնքն ակտիվորեն «աշխատանքներ է իրականացնում» Թուրքիայի ու իսլամի դեմ:
Նա վերստին հայտարարել է, որ 1915 թվականին զոհվել են ոչ միայն հայեր, այլև՝ մուսուլմանները, սակայն Հռոմի պապից ու խորհրդարաններից (Եվրոպական խորհրդարան) հնչող հայտարարություններում «խտրական վերաբերմունք է կիրառվում» մուսուլմանների հանդեպ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Չավուշօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ կրիտիկական այցով կմեկնի ԱՄՆ: Այնտեղ նա հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ և քննարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը, որպեսզի նա դրա ժամանակ չարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: