Բաժիններ՝

Ռուսաստան մեկնողների «սև ցուցակի» հարցը պետք լուծվի համաներմամբ. Ռուբեն Եգանյան

Հայ միգրանտների վիճակը Ռուսաստանում փոփոխվելու միտում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ նշելով, որ քաղաքական և կենցաղային առումով նրանց հանդեպ վերաբերմունքը մնացել է նույնը:

«Նրանք, ինչպես և մնացած միգրանտները, համարվում են ազգաբնակչության համար անընդունելի, քանի որ տեղի բնակչությունը նրանց պատճառով զրկվում է աշխատատեղերից, սրանից օգտվում են որոշակի խավեր, տեղի են ունենում կոռուպցիոն երևույթներ»,- նշեց բանախոսը:

Ռ.Եգանյանի խոսքով, միգրանտների համար փաստաթղթերով այլ աշխատավարձ է նշվում, և վճարվում է դրա ուղիղ կեսը: Ըստ նրա՝ 2000 ռուբլիով ռուսները բակ չեն մաքրի և շինարարության ոլորտում բանվոր չեն աշխատի:

«Չեմ կարծում՝ իրավիճակը գնալով փոխվելու է, չնայած մեր միգրանտների վիճակը ավելի լավ կլինի, քան այն միգրանտներինը, որոնց երկրները Մաքսային միության կազմի մեջ չեն: Ես խորհուրդ եմ տալիս մերոնց այս տարի չմեկնել աշխատանքի, քանի որ մեկնածների բավականին մեծ մասը չի կարողանում նորմալ վաստակել և նրանց տնտեսական վիճակը եղածից ավելի է վատթարանում»,- տեղեկացրեց ժողովրդագիրը:

Նա հավելեց, որ աշխատատեղերը Ռուսաստանում ևս հասկանալի պատճառներով նվազել են, փոխվել է նաև վաստակի մեծությունը: Այս հանգամանքները, ըստ փորձագետի, կասկածի տակ են դնում աշխատանքի մեկնելու իմաստը:

Ինչ վերաբերում է այս օրերին Հայաստանի միգրացիոն պետական ծառայության կողմից «սև ցուցակներում» հայտնվածների դիմումների հավաքագրմանը, նա ասաց, որ այս գործընթացից մեծ սպասումներ պետք չէ ունենալ և ավելի ճիշտ տարբերակ կլինի, եթե համաներում լինի, որից հետո մեր աշխատանքային միգրանտները կսկսեն հետևել օրենքներին:

Այս պահին, ըստ Ռ. Եգանյանի, ճշգրիտ վիճակագրություն չկա, թե քանի աշխատանքային միգրանտ կա Ռուսաստանում և քանիսն են նրանցից հայտնվել «սև ցուցակում». «Վերջին տվայլները եղել են 2003թ. և հիմա ընթացքի մեջ է նոր հարցումը. 1500-1700 տնտեսություններում հարցումներ են անցկացվում միգրացիոն երևույթների, վերջին երեք տարիներին մեկնումների պատճառների և խնդիրների մասին: Հարցումներն իրականացվում են պետության պատվերով, հարցման նպատակն է՝ ունենալ քանակական գնահատականներ միգրացիոն տեղաշարժերի մասին»:

Ռ. Եգանյանը հորդորեց այս հարցման մասնակիցներին լինել առավել քան ուշադիր, քանի որ այս հարցումներից է կախված միգրացիոն ճշգրիտ պատկերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս