Հենց Թևան Պողոսյանն իր մեջ հաղթահարի ստրկամիտ մտածելակերպը, նոր միայն կարող է հույս ունենալ, որ իր տեսակետները լուրջ կընկալվեն. Լևոն Զուրաբյան. Newsline
Երեկ՝ «Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթից անմիջապես հետո իր խոսքն սկսել է՝ անդրադառնալով Զուրաբյանի ելույթին, թեև այդ պահին վերջինս արդեն դահլիճում չէր:
«Մի բան չեմ կարողանում ընկալել. մոտ տասը րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց հենց եկել էր ժամանակը՝ ԵՏՄ-ն ընտրելու, չգիտեմ ինչու` կողմ էր քվեարկում: Դե գնացեք, Ռուսաստանի հետ սոցիալիզացիա արեք, հետո նոր մարդու իրավունքներից խոսացեք»,-ասել է Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով Պողոսյանի ռեպլիկին՝ Լևոն Զուրաբյանը Newsline-ի հետ զրույցում ասել է. «Ըստ Թեևան Պողոսյանի տրամաբանության, փաստորեն, Ազգային ժողովում քվեարկություններն արվում են՝ ելնելով որևէ երկրին լոյալ լինելու հանգամանքից։ Ես կարծում եմ, որ հենց Թևան Պողոսյանն իր մեջ հաղթահարի այդ ստրկամիտ մտածելակերպը, այդ ժամանակ նոր կարող է հույս ունենալ, որ իր տեսակետները լուրջ կընկալվեն»,- ասել է Լևոն Զուրաբյանը։