Ռուսաստանը «Թուրքական հոսքի» համար Հունաստանին կհատկացնի մի քանի միլիարդ եվրո. մամուլ
Der Spiegel-ի փոխանցմամբ` Ռուսաստանն ու Հունաստանը պլանավորում են համաձայնագիր ստորագրել, որի շրջանակներում Մոսկվան Աթենքին գազի տարանցման համար որպես կանխավճար կհատկացնի մինչև 5 միլիարդ եվրո` «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար:
Այս մասին թերթին հայտնել է Հունաստանում իշխող «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունում նրա բարձրաստիճան աղբյուրը: Համաձայնագրի ստորագրումը պլանավորված է հաջորդ երեքշաբթի: Հունաստանը Ռուսաստանից ԵՄ գազի տարանցման համար որպես կանխավճար կստանա 3-5 միլիարդ եվրո:
Թերթի պնդմամբ` այդ գործարքը քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի բանակցությունների ժամանակ: Հունաստանի կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ գործարքը:
Աթենքում հուսով են, ռուսական փոխանցման շնորհիվ կհաջողվի հետաձգել պարտքային պարտավորությունների շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները: