Որ ճանապարհներն են փակվելու ապրիլի 23-24-ին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 1-ին ոստիկանության ստորաբաժումները, կարելի է ասել, անցել են ուժեղացված ծառայության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հիմնականում ուժեղացված ծառայություն է իրականացվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պետական պահպանության օբյեկտներում, որոնց շարքին են դասվում նաև Երևանում գտնվող երեք կամուրջներ. Հաղթանակ, Կիևյան և Դավիթաշեն կամուրջների և վերևում, և ներքևում կան լրացուցիչ վերակարգեր, որոնք ծառայություն են իրականացնում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
«Ինչպես նաև Երևան քաղաքում և մարզերում՝ հասարակական վայրերում ավելացվել են պարեկապահակետային ծառայության վերակարգերը: Հիմնականում արդեն ապրիլի 5-ից նաև ծառայություն է իրականացվում ծառայողական շներով»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ որքան կմոտենանք միջոցառումների բուն անցկացման ժամանակացույցին, այնքան երևի կխստանա հասարակական կարգի պահպանության նկատմամբ վերաբերմունքը, անձնակազմի կողմից կազմակերպվող ծառայությունը:
Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ հիմնական միջոցառումները սկսվում են 2015թ. ապրիլի 22-ից: Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին՝ 17:00-ի սահմաններում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում կսկսվի սրբադասման արարողությունը, որը կարող են դիտել Երևանում՝ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրաններից:
Արարողությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Երևանի Բրազիլիայի հրապարակից կարող են ուղևորվել Մայր աթոռ սուրբ Էմիջածին և այնտեղից վերադառնալ: Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ արդեն ժամը 14:00-ի ավտոբուսները կգտնվեն Բրազիլիայի հրապարակում, որտեղից քաղաքացիներին անվճար կտեղափոխեն:
Ապրիլի 23-ին՝ 20:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «System of a down» խմբի համերգը: Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ 20:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները:
Համերգին մասնակցելու ցանկություն ունեցողների համար մուտքը կլինի միայն Շահումյան հրապարակի կողմից, իսկ ելքերը՝ Ամիրյան փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի կողմից: Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Աբովյան և Նալբանդյան փողոցների կողմից մուտք և ելք չի իրականացվելու:
«Հանրապետության հրապարակում նաև մասնակիցների թիվն է սահմանափակված:
Որոշակի թվաքանակից հետո ոստիկանությունը ստիպված կլինի նաև փակել այդ մուտքի հնարավորությունը: Երբ մենք կհասկանանք ու կտեսնենք, որ Հանրապետության հրապարակը նաև թույլ է տալիս լրացուցիչ հոսքերի, մենք նորից կբացենք մուտքեր»,- ասասց Սամվել Հովհաննիսյանը:
Հարցին, թե որքա՞ն է սահմանաչափը, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց. «Սահմանաչափը սահմանված է մոտ 50 հազարի չափի»: Նա նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ սարքեր են տեղադրվելու, որոնք հաշվում են մարդկանց թիվը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին՝ առավոտյան, արարողակարգային միջոցառումներ իրականացնելու նպատակով Մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները կլինեն փակ. քաղաքացիների համար մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի 13:00-ից. մինչ այդ՝ այնտեղ արարողակարգային միջոցառումներ են տեղի ունենալու:
«Ապրիլի 24-ին փակ կլինի Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակը կիսով չափ փակ կլինի, որովհետև այնտեղ երեկոյան համերգի համար նախապատրաստական աշխատանքներ պիտի լինեն:Ամիրյանի կողմից Տիգրան Մեծ հատվածը բաց կլինի, սակայն Նալբանդայի և Աբովյանի կողմից փակ վիճակում կլինի»,- ասաց նա: