«Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի. Հայկ Ա. Մարտիրոսյան
««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանն` անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներին: Թեև նա նաև նշեց, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում:
«Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՞: Հետո` ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է: Բայց դարձյալ. ենթադրենք օգտագործեց «Ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելա-թուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում: «ԱՄՆ-ում թուրքական լոբբին չափազանց հզոր է հիմա, իսկ հանրապետականները, որոնք այսօր վերահսկում են ողջ Կոնգրեսը` Թուրքիայի մոլի սիրահարներ են: Ամեն դեպքում այսօր Թուրքիան ահռելի կարևորություն ունի ԱՄՆ-ի համար»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: