ՀՀ-ն ձգտում է ԵՄ-ի հետ քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի այցելություններ սահմանելու ուղղությամբ
Հայաստանը շարունակում է ԵՄ Արևելյան գործընկերությունում իր գործակցությունը և ներկայումս ձգտում է ԵՄ-ի հետ քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի այցելություններ սահմանելու ուղղությամբ: Այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ըստ նրա՝ խթանելով մարդկանց ազատ տեղաշարժը, լավ գործընկերային հարաբերություններ կստեղծվեն հասարակությունների տարբեր շերտերի միջև փոխանակումների համար:
Փոխնախարարը նշեց, որ ԵՄ հետ համագործակցույթունը շարունակվում է տարբեր ուղղություններով: Կ. Նազարյանի խոսքով՝ Հայաստանը Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրամիությունից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ համագործակցության հետագա ձևաչափը մատնանշելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստակամ է առաջ մղելու իր համագործակցությունը ԵՄ հետ բազմաթիվ ուղղություններով, և առաջիկայում շարունակվելու են բանակցությունները տարբեր ոլորտներում գործակցության ուղիներ գտնելու համար: