Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած անձը հայտարարում է, որ նորից կծեծի նրանց, ովքեր վիրավորեն իր «գերագույն հրամանատարին»
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ բացարկ հայտնել գործով դատախազին: Բացարկի դեմ առարկել էր գործով ամբաստանյալ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Արամ Մանուկյանը հայտարարեց, որ չի հիշում դեպք, երբ ամբաստանյալի փաստաբանը պաշտպանի իրեն մեղադրող կողմին:
«Դա տրամաբանությունից մի քիչ հեռու է: Լինում են դեպքեր, իհարկե: Ես սա համարում եմ տարօրինակ ներդաշնակ, համահունչ աշխատանք մեղադրողի և ամբաստանյալի պաշտպանական կողմի միջև:,- ասաց Արամ Մանուկյանը՝ շարունակելով,- Դատախազը, որ սովորական պրակտիկայի նման պետք է պաշտպանի տուժողի շահերը, հայտարարություն արեց առ այն, որ Ազգային ժողովի պատգամավորի վրա հարձակման գործով երևակայության արդունք է համարում այն վարկածները, որ դա կարող է լինել կազմակերպված: Այստեղ երկու եզրակացության եմ ես գալիս՝ մեկ, որ ինքը խնդիր ունի իրավաբանության հետ, բայց կարծում եմ՝ իր երկար տարիների փորձը բացառում է այս տարբերակը, և երկրորդ՝ ապացուցում է այն, ինչ իմ փաստաբանը հայտարարեց, որ այս գլխից և այն գլխից կազմակերպված լինելու վարկածն ամենաճիշտն է, և իրենք հենց հիմա պաշտպանում են կազմակերպված լինելու վարկածը»: Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք կհիմնավորեն, որ կատարվածը կազմակերպված հանցագործություն է:
Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արշակ Սվազյանին, նա մեղադրվում է Արամ Մանուկյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Այսօր դատարանում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ «Արշակ Սվազյանը 2014թ. դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվելու ժամանակ youtube ինտերներտային կայքում տեսել է տեագրություն, որում Արամ Մանուկյանը հայհոյանք է հնչեցրել ՀՀ նախագահի հասցեին, ինչից վիրավորվելով՝ որոշել է վրեժխնդիր լինել: Այնուհետև 2014թ. դեկտեմբերի 6-ին Ռուսատանի Դաշնությունից վերադառնալով Հայաստանի Հանրապետություն՝ Արամ Մանուկյանին հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է վերջինիս բնակության վայր հանդիսացող Երևանի Սոսեի փողոցի 2/2 շենք և թաքնվել շքամուտքում, ապա ժամը 20:04-ին բռունցքով մեկ անգամ հարվածել է շենքի շքամուտք մուտք գործող Արամ Մուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս, ապա դիմել է փախուստի»:
Դատական նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ «կարո՞ղ է ուրիշին էլ ապտակեք, եթե տեսնեք, որ նախագահին վիրավորում է», ամբաստանյալն ասաց. «Այո, որովհետև ինքը իմ գերագույն հրամանատարն է»: