Իտալիայի վարչապետն աջակցություն է հայտնել Հռոմի պապին և զգուշացրել է Թուրքիային

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին պաշտպանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արած հայտարարության հետ: Նա զգուշացրել է Թուրքիային, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել եվրոպական ընդհանուր արժեքներին:

Ռենցին հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության «բանալին» գտնվում է Անկարայի ձեռքին: Հաղորդվում է, որ Ռենցիի այս հայտարարությունից առաջ իտալական հասարակությունն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ Իտալիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության թեմայի հարցում միայնակ է  թողել Պապին և չի պաշտպանել նրան:

Ի պատասխան՝ Ռենցին հայտարարել է, որ այդ հարցում Իտալիայի կառավարության դիրքորոշումը բավական բաց է. «Մեր ԱԳՆ-ն ներկայացրել է Պապի հայտարարության վերաբերյալ Թուրքիայի կառավարության արձագանքների հանդեպ մեր դիրքորոշումը: Պապը մի դար առաջ կատարվածի համար բավական բաց ուղերձ է հղել: Էրդողանի ու իմ գործընկերոջ (Դավութօղլուի) արձագանքը եղել է բացասական, ինչի հետ կապված էլ մեր արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնին քննադատել է այդ արձագանքը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա ԵՄ մտնելն Անկարայի ձեռքում է: Կարծում եմ, որ Թուրքիան մեծ երկիր է, և եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացի իրականացումը շատը կարևոր է յուրաքանչյուրի համար: Թուրքիան, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ կարևոր երկիր է: Սակայն ակնհայտ է, որ ներկա պահին եվրոպական կառույցներին Թուրքիայի ինտեգրվելը կախված է Անկարայի կառավարությունից:

Նախորդ տարվա սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ պաշտոնապես աջակցություն հայտնեցինք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, սակայն Թուրքիան այսօր դժվարանում է հարմարվել ԵՄ-ի որոշ հիմնարար արժեքներին ու գաղափարներին»:

Տեսանյութեր

Լրահոս