Հերմինե Նաղդալյանը հիշեց ծնողների և ոստիկանության բարձր սպայի միջև ընթացող «շատ պերճախոս երկխոսությունը»

«Շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ողջ ղեկավար կազմին` մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Համակարգի ամբողջական, համալիր աշխատանքից է կախված հասարակական կարգի պահպանման և նաև հասարակության կողմից դրական վերաբերմունքը և պաշտպանվածության զգացումը: Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր ուղղություններով, և դրանց արդյունքները արդեն տեսանելի են նաև հանրության համար:

Մի օրինակ բերեմ՝ անցյալ տարի, Ազատության հրապարակում շրջանավարտների ավարտական երեկոյին բազմաթիվ դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ մասնկցում էին մշակութային ծրագրին, այնտեղ էր նաև ՀՀ ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, և երբ ծնողներից մեկը բարձրաձայնեց, թե ոչ մի ոստիկանական ծառայություն չի կատարվում տարածքում, տիկին Դուրյանի պատասխանն էր՝ ծառայությունը կատարվում է և համակարգի աշխատակիցները ներկա են, իրենց տեղերում են, բայց իրենց ծառայությունն իրականացնում են մարդկանց համար այնքան աննկատ կերպով, բարձր պրոֆեսիոնալիզմով, որ անգամ նրանց ներկայությունը չի զգացվում: Ինձ համար ծնողների և ոստիկանության բարձր սպայի միջև ընթացող այդ երկխոսությունը շատ պերճախոս էր:

Օրեր առաջ դատա-իրավական և ոստիկանության ոլորտների բարեփոխումների թեմային անդրադարձանք ԵԽ ԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպումների և քննարկումների ժամանակ, որովհետև այդ գործընթացն իրականացվում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ և մեր երկրի պարտավորություններին համահունչ: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ոլորտի բարեփոխումների գործընթացները իրականացվում են 2012-ին ՀՀ նախագահի կողմից հաստատված «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի» և այդ ծրագրից բխող միջոցառումների ներքո:

Իրականում, մենք կարծում ենք, որ այդ ծրագրի ամբողջական ավարտը էապես կնպաստի իրավական և դատական ոլորտների բարելավմանը: Բարեփոխումների հիմնական նպատակն է ժամանակակից իրավական պետության չափորոշիչներին համապատասխանող իրավական համակարգի, դատական իշխանության ապահովումը: Ծրագրում ներառված են բազմաթիվ ոլորտներ՝քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատություն, դատական համակարգ, դատախազություն, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, և դրանցից յուրաքանչյուրում այդ խնդիրների լուծումից մարդկանց կյանքում զգալի փոփոխություններ են կատարվում: Ցանկանում եմ նշել նաև՝ 3 տարի առաջ Ոստիկանության ակադեմիայի և կրթական համալիրի հիմնադրման փաստը, այս կառույցը նույնպես էապես նպաստեց Ոստիկանության համակարգի աշխատակիցների ժամանակակից մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը. սա իսկապես ուրախալի է թե՛ պետության, թե ողջ հասարակության համար:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մեր ոստիկանական համակարգին, բոլոր աշխատակիցներին մաղթում եմ կամք, վճռականություն և հաջողություններ աշխատանքում`իրագործելու այն մեծ պարտականությունները, որ ստանձնել եք մեր պետության և ժողովրդի առջև` որպես այս դժվարին, պատասխանատու, պատվաբեր գործունեության ոլորտի ներկայացուցիչներ»:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ
ԱԺ փոխնախագահ

Տեսանյութեր

Լրահոս