Արդյոք Հովհաննես Մանուկյանի տանը կա՞ դագանակ, հակագազ, յոդ, սոդա…
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, ինչպես հայտնի է՝ ՔԿՀ-ում գտնվում է 27 հոգու հետ, այն դեպքում, երբ այդ խցում կա ընդամենը 8 մահճակալ: ՀՀ արդադատության նախարարությունը, սակայն, այդ հարցով սկսել է զբաղվել միայն մամուլում տեղ գտած հրապարակումից հետո: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ հանձնարարել է կոնկրետ այս դեպքով զբաղվել, բայց առանց ԶԼՄ-ներում հրապարակումների էլ ինքն ամեն օր զբաղվում է ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության հարցով:
«Այո´, գերծանրաբեռնվածությունը և կենցաղային պայմանները խնդիր է, թաքցնել հանրավոր չէ, որովհետև և´ դիտորդական խմբերը, և´ եվրոպական այն կառույցները, որոնք մոնիթորինգ են իրականացնում նաև քրեակատարողական համակարգի նկատմամբ, պարբերաբար արձանագրել են այդ հարցերը և ողջամիտ չի լինի որևէ բան փորձել թաքցնել»,- ասաց նա:
Հարցին, թե Հ.Մանուկյանի տանը կա՞ դագանակ, հակագազ, յոդ, սոդա, նախարարը պատասխանեց, թե իրենց տանը կան բոլոր այն անհրաժեշտ կենցաղային պարագաները, որոնք յուրաքանչյուր նորմալ մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ են ու հավելեց, թե հարցի ենթատեքստը հասկանում է, բայց որևէ մեկնաբանություն չի անի. «Այստեղ քննչական մարմիններն են աշխատանք իրականացնում»: Նա նաև չպատասխանեց դիտարկմանը, թե ինքն էլ այդպիսով իշխանափոխության պոտենցիալ մասնակից է:
Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների տներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել էին այդ կարգի իրեր՝ հակագազ, դանակներ և այլ, ու դա հիմք էր ընդունվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: