Գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի՝ GRECO-ի պատվիրակությանը
«Կոռուպցիայի դեմ պայքարի խմբի GRECO» մոնիտորինգային գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է Հայաստանի վերաբերյալ GRECO-ի գնահատման 4-րդ փուլի՝ «Կոռուպցիայի կանխարգելումը խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ որպեսզի հասարակությունն անվերապահ վստահի համակարգին, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք:
Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է առաջին հերթին հենց դատախազության համակարգից: Կոռուպցիայի վերացումը դատախազության գերնպատակներից մեկն է: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հարուցված գործերն իր անմիջական վերահսկողության և մշտական ուշադրության կենտրոնում են և կարող ենք փաստել, որ վերջին շրջանում դրական տեղաշարժը ակնհայտ է:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատախազության էթիկայի և որակավորման հանձնաժողովների գործունեության կարգին, դատախազների գույքի և եկամուտների հայտարարագրմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին GRECO-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել բաց, արդյունավետ և հետաքրքիր քննարկման համար: