Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը շնորհավորում է

Սիրելի ծառայակիցնե՛ր:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ոստիկանության 97-րդ տարեդարձի առթիվ:

Ոստիկանությունն իր մասնագիտական օրով է սկսում համակարգի խորքային բարեփոխումների երկրորդ փուլը, և դա խորհրդանշական է: Մենք կարճ ժամանակում վերափոխումների երկար ճանապարհ անցանք:

Ահռելի աշխատանք է կատարվել անցած տարիներին, և տեսնում ենք արդյունքը: Բարեփոխումների տրամաբանության մեջ այդ արդյունքը գուցե և կարող է բավարար համարվել, սակայն մեզ բավարարել չի կարող: Որովհետև բարեփոխումների տրամաբանությունն էլ գործընթաց է և անցյալ է դառնում, իսկ մենք կանգ առնելու, ձեռք բերածով գոհանալու, հանգստանալու իրավունք չունենք:

Ոստիկանական համակարգի կատարելագործումը շարունակական ու անվերջ պրոցես է, և այդ ճանապարհին կանգնել չկա. արածն ամրապնդելով, չարվածը լրացնելով, թերությունները շտկելով՝ քայլ առ քայլ առա՛ ջ՝ սա է մեր ընտրությունը և այդ ընտրությունից երբեք չենք հրաժարվելու:

Այդ ճանապարհին մեր աշխատանքի տարբեր գնահատականներ են եղել ու կլինեն, նաև՝ բացասական գնահատականներ: Եղել են ու կլինեն անհավատներ, չարախոսներ, փնովողներ: Կլինե՛ն. բոլորը չէ, որ սիրում են մեզ ու մեր գործը: Ոստիկանի գործը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, և բնական է, որ մեզ պիտի հակադրվեն բոլոր նրանք, ովքեր իրենց օրենքից վեր ու ժողովրդից դուրս են կարծում:

Ոստիկանի մասնագիտությունն այնպիսին է, որ կարող է և ընկնել, բայց պիտի վեր կենա, շտկվի, շարունակի, որովհետև մեր գործը հանուն արդարության է, մեր գործը այն վճռական -ն է, որ ամեն օր ենք ասում հանցագործին, թալանին, անօրինականությանը: Իսկ մեր գործի ոգին հավատն է առ մեր ճշմարտությունն ու արդարությունը: Ուրեմն՝ հավատանք մեզ ու մեր գործին, իսկ անհավատին ու փնովողին պատասխանենք մեր պրոֆեսիոնալ ու վստահելի աշխատանքով: Ոստիկանի՛ աշխատանքով…

Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ այդ գործն անմնացորդ կատարող յուրաքանչյուրիդ՝ շարքայինից մինչև գեներալ: Շնորհակալ եմ ձեր ընտանիքներին, որ ամուր թիկունք են ձեզ, ձեր ծնողներին, որ այդպիսի զավակներ են դաստիարակել:
Շնորհակալ եմ մեր վետերաններին՝ իրենց կենսագրության ու մեր կողքին իրենց երիտասարդ ներկայության համար:

Շնորհակալ եմ մեր զոհված ծառայակիցների հարազատներին՝ նրանց օջախները պայծառ պահելու համար: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Ցանկանում եմ շնորհավորել նաև նրանց, ովքեր դեռ դիմադրում են բարեփոխման ոգուն ու տրամաբանությանը: Ներողամիտ լինենք ու հավատանք, որ նորացման շունչը նրանց վրա էլ կտարածվի, հակառակ դեպքում մարտնչող համառներից կհրաժարվի ինքը՝ համակարգը:

Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով բոլորիս՝ հավաստում եմ. ոստիկանությունը միակամ ու անկանգ շարունակելու է իր ընտրության ճանապարհը: Մենք դրա համար ունենք և՛ ուժ, և՛ կամք, և՛ փորձառություն, և՛ արդար ու ճշմարիտ լինելու աներեր գիտակցումը:
Աստված ձեզ պահապան:

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս