Բաժիններ՝

Բրիտանացի գիտնականները հայտնագործել են, որ հայ գիտնականները մահանալու են զարմանքից

Օրերս երկու ուշագրավ հաղորդագրության հանդիպեցի. մեկը՝ ՀՀ կառավարության մտադրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և նշված տարածքում տեղակայել Երևանի Քննչական վարչությունը։

Մյուսը՝ որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատողները դիմում են գրել կառավարությանը՝ կրկին անգամ հիշեցնելով գիտության դերի ու նշանակության մասին, և առաջարկել հետ կանգնել այդ, մեղմ ասած, զարմանալի որոշումից։ Ընդ որում, կենտրոնի տնօրենն իր հերթին՝ հրապարակավ բողոքել է կառավարության մտադրության դեմ` հստակորեն հիմնավորելով, թե ինչու է օտարվող մասնաշենքը հենց կենտրոնին խիստ անհրաժեշտ։

Պետք է ասել, որ մեր գիտնականները վերջին երկու տասնամյակում անվերջ զարմանալու առիթներ են ունենում։ Հայ գիտնականի զարմանքն արդեն քրոնիկ բնույթ է կրում։ Ու թեև գիտնականներն ընդհանրապես համարվում են երկարակյաց ժողովուրդ, բայց Հայաստանի համար պատկերն այլ է. կարծիք կա, որ այսուհետև հայ գիտնականները մահանալու են ոչ թե ծերությունից կամ տարբեր հիվանդություններից, ինչպես մյուս երկրներում, այլ զարմանքից։

Ինչպե՞ս բացատրել նման զարմանալի որոշումը, դա մտորելու տեղիք է տալիս։ Արդեն քանի տարի է՝ վերին ամբիոններից հնչեցնում են, որ մեր երկիրը գիտությունը զարգացնելու կուրս է վերցրել և կառուցում է գիտելիքահենք պետություն։ Թեև գործնականում դա ոչ մի կերպ չի երևում, բայց այդ թեմայով ամպագոռգոռ խոսքերի առատությունը կամաց-կամաց արդեն սկսել է հավատ ներշնչել դյուրահավատներին։ Բայց եթե դրանք միայն խոսքեր չեն, այլ լուրջ ծրագրեր, ապա պիտի որ կառավարության յուրաքանչյուր քայլ ուղղված լիներ գիտությանն ու գիտնականին աջակցելուն և ոչ թե՝ նրանցից պոկելուն, և մենք պիտի որ հաճախ հանդիպեինք հաղորդագրությունների, որ այսինչ տարածքը հատկացվեց այսինչ ինստիտուտին, այսինչ գեղատեսիլ վայրում բացվեց նոր ինստիտուտ կամ լաբորատորիա։

Կարդացեք նաև

60-ականներին անընդհատ նման բաներ կատարվում էին, այսօր, զարմանալիորեն, ամեն հերթական հայտարարություն վերաբերում է ոչ թե գիտությանն ինչ-որ բան հատկացնելուն, այլ նրանից վերցնելուն։ Այն ժամանակ 30 տարվա մեջ բացվեցին 50-ից ավելի ինստիտուտներ։ Ամեն տարի 1-2 ինստիտուտ էր բացվում, հիմա ամեն տարի 1–2 ինստիտուտ է փակվում կամ, միավորվելով, ազատում որևէ մասնաշենք ու տարածք՝ հանձնելով… կոնկրետ այս անգամ՝ ՀՀ Քննչական վարչությանը։

Եթե հետևենք, օրինակ, Կորեայի լրատվությանը, կտեսնենք, որ չկա տարի, որ մի նոր ինստիտուտ չհիմնադրվի, նոր լաբորատորիաներ չբացվեն, նույնն է Վիետնամում, Չինաստանում և զարգացման կուրս վերցրած այլ երկրներում։ Բուհ-գիտություն-տեխնոլոգիաներ շղթան հնարավոր է կայացնել միայն նման մոտեցման արդյունքում։ Մարդիկ հասկացել են, որ երկրի գոյատևունակությունը չափվում է տվյալ երկրում գիտության հանդեպ վերաբերմունքով։ Ելնելով այս տրամաբանությունից՝ մեր երկիրը գիտության հետ, փաստորեն, ոչ մի ապագա չի կապում, նա չի մտածում հետազոտական համալսարան(ներ) ստեղծելու մասին, առանց որի(որոնց) երկրում զարգացում անհնար է ապահովել։

GAA (1)

Գիտնականները մտածում են, վերլուծում, տրամաբանական հետևություններ անում, և եթե երկրի ղեկավարության որևէ արարք չի մտնում այդ տրամաբանության մեջ, նրանց մեջ կրկին գլուխ է բարձրացնում զարմանքը։ Նրանց (և ո՛չ միայն նրանց) զարմացնում է կառավարության խոսքի և գործի անվերջանալի հակասությունը։

Վերադառնալով թեմային՝ այնուամենայնիվ, ցանկալի է հասկանալ՝ նման որոշում կայացնողներն ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում։ Այն, որ Քննչական վարչությունը կարող էր աչք ունենալ ամենալավ շենքերի ու տարածքի վրա, դա զարմանք չի հարուցում, այն, որ կառավարությունը նրան չէր մերժի, դա՝ նույնպես։ Բայց վերցնել հե՛նց գիտահետազոտական ինստիտուտի շենքը և, շրջակա տարածքով հանդերձ, տալ Քննչական վարչությանը, ա՛յ դա, մեղմ ասած, զարմանալի է։

Կառավարութունն ասում է, որ իր այս որոշումը պայմանավորված է ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու և տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ: Բայց այն, որ հե՛նց գիտությունից են վերցնում շենքն ու տարածքը, խորհրդանշական է։ Ինչ խոսք՝ գիտելիքն անտեսող, հետևաբար՝ դեպի անկում գնացող երկրին քննիչներ շատ են պետք. չէ՞ որ աղքատ ու աղքատացող երկրներում գնալով շատանում են գրպանահատներն ու շարքային գողերը (իսկ մեծ գողերի մասին խոսելուց զերծ մնանք)։ Բնական է, որ նման դեպքերում քննչական գործի պահանջարկն ավելի մեծ է, քան գիտահետազոտական ինստիտուտի։

Այ, օրինակ, երևի գիտնականները համաձայն կլինեին ինստիտուտի շենքը բաշխել Քննչականին, եթե նրանք կարողանային մի շատ կարևոր բացահայտում անել՝ արդյոք որտեղի՞ց է կառավարությունը հատկացրել Քննչական վարչությանը 43 մլն դրամ՝ 2 ավտոմեքենայի համար, այն դեպքում, որ 500 երիտասարդ գիտնականի հազար ու մի կարևորագույն ծրագրի համար հատկացրել է ընդամենը 100 մլն դրամ:

Բնականաբար, գիտնականներին չի գոհացնում այս՝ պետության խորթ զավակը լինելու կարգավիճակը: Նրանք դիմում են գրել կառավարությանը՝ առաջարկելով հարցին տալ կենտրոնի համար նպաստավոր լուծում, այն է՝ տարածքի՝ կենտրոնի կազմում նորից վերագործարկումը:

Զրուցելով Կենտրոնի աշխատակիցների հետ՝ պարզեցի ևս երկու ուշագրավ փաստ: Առաջինը՝ պարզվում է, որ սրանից չորս տարի առաջ՝ 2011-ին, տեղի է ունեցել մի մեծ միավորում, որի արդյունքում Երևանի Քանաքեռցու փողոցի վրա տեղակայված ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտը տեղափոխվել է Ազատության պողոտա՝ ներկայիս ՕԴՔ Կենտրոնի տարածք, իսկ Օրգանական քիմիայի ինստիտուտին ամրացված տարածքները և մասնաշենքերը մինչ այժմ մնացել են դատարկ:

Երկրորդ ուշագրավ փաստը՝ 2012 թ., չնայած որ Օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքներն արդեն «ազատագրված» էին, Կենտրոնի տարածքից օտարվում է մի մեծ մակերես, որի վրա տեղակայված է լինում լաբորատոր կենդանիների բուծարանը և թաքստոցը, և այդ տարածքում սկսվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո երիտասարդ գիտաշխատողների և արվեստագետների համար նախատեսված բազմաբնակարան երկու շենքերի կառուցումը:

Ի լրումն սրա, օ՜, զարմանք, Օրգանական քիմիայի ինստիտուտի դատարկ մասնաշենքերի պահպանման համար ծախսերը հոգում է Կենտրոնը՝ իր՝ առանց այդ էլ սուղ միջոցներից:

Փաստորեն, ստացվում է, որ ունենալով ՕՔԻ-ի ամայացված տարածքները, մեր իշխանությունները շարունակում են տարածքներ «զավթել» գործող գիտական կառույցից, այդպիսով անընդհատ նվազեցնելով երբևէ Գիտության զարթոնքի հնարավորությունը: Ստացվում է, որ կառավարությունն անընդհատ գիտնականներից վերցնում, պոկում ու թալանում է, և միակ բանը, որ առատորեն պարգևում է նրանց, զարմանալու առիթներն են: Հուսանք, որ երկրի համար կարևոր որոշումներ կայացնող անձինք այս անգամ ավելի զգոն կլինեն՝ չտալով գիտնականներին զարմանալու նորանոր առիթներ։ Չէ՞ որ, ի վերջո, ամբողջ աշխարհում զարմացնելու մենաշնորհը գիտությանն է տրված։ Հուսանք նաև, որ դիմումի և ստորագրահավաքի արդյունքում ավելի առողջ տրամաբանությամբ կառաջնորդվի կառավարությունն ու կփոխի իր աբսուրդային որոշումը՝ հօգուտ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս