
ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ ներկայացուցիչը հրաժարական է ներկայացրել

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջամալ Բենոմարը հրաժարական է ներկայացրել այդ երկրում առկա հակամարտային իրավիճակի ֆոնին: Դիվանագետը հայտարարել է, որ իր ցանկության մասին արդեն իսկ իրազեկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Վերջինիս մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հրաժարվել է մեկնաբանություններ անելուց: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի ևս մեկ աշխատակից՝ Բենոմարի իրավահաջորդ, կարող է դառնալ մավրիտանացի դիվանագետ Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմադը:
Մարոկկացի դիվանագետ Բենոմարը Եմենում միմյանց հետ մրցակցող քաղաքական խմբերի միջև բանակցություններում միջնորդական առաքելություն է իրականացնում 2011 թվականից, երբ «Արաբական գարնան» ժամանակ տարածաշրջանը բռնկվեց բողոքի զանգվածային ակցիաներով, որոնք էլ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հարկադրեցին հրաժարական տալ: