ԵԽ-ում մեկնարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի քննարկումը (ուղիղ)
Չնայած ինչպես օրերս Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչն էր հայտարարել, որ Թուրքիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին չքննարկի և չընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, այսօր Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի երկրորդ հատվածի ընթացքում սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եվրոպական հիշատակման» բանաձևի քննարկումը: Քննարկման մեկնարկին ելույթով հանդես եկավ Լատվիայի ԱԳՆ խորհրդարանական քարտուղար Զանդա Կալինյա Լուկաշևիցան, իսկ այժմ իր խոսքն է բանաձևի մասին ուղղում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Կրիստալինա Գեորգևան` անդրադառնալով բանաձևի կարևորությանը:
Հիմնվելով 1987թ-ի հունիսի 18-ին իր կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի, ՄԱԿ-ի` Ցեղասպանությունների կանխարգելման և հանցանքները պատժելու մասին կոնվենցիայի և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի վրա` Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ 1915-1917թթ-ին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ բռնությունները ցեղասպանություն էին, և «խստորեն դատապարտում է դրանց ցանկացած ժխտումը:Փաստաթութղն ամրագրում է մի շարք ձևակերպումներ.
«2015 թվականը նշանավորում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված ցեղասպանության 100-րդ տարելիցը…», «…անցյալի հիշողությունները պահպանելը չափազանց կարևոր է, քանի որ չի կարող լինել հաշտեցում առանց ճշմարտության և հիշողության»: Այս բանաձևով ԵԽ-ն հարգանքի տուրք է մատուցում «մեկուկես միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին, որոնք զոհվեցին Օսմանյան կայսրությունում», և կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու ԵԽ-ին` միանալու այդ ոգեկոչմանը:
Բանաձևով առաջարկվում է նույնիսկ հաստատել «Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր»: Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկի Լունաչեկն ավելի վաղ ընդգծել էր համապատասխան բանաձևի ընդունման կարևորությունը` հայտարարելով, որ ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններին և կառավարություններին առաջարկվելու է համապատասխան բանաձևեր ընդունել և դատապարտել մարդկության դեմ գործված այս հանցագործությունը: Ի դեպ, տեղեկացնենք նաև, որ Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1987 թվականին՝ այն տարում, երբ Թուրքիան դիմել է ԵՄ-ին՝ լիիրավ անդամ դառնալու համար։ Բանաձևի քվեարկությունը նախատեսվում է շուրջ երկու ժամից: