Հռոմի պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այժմ Իսրայելի հերթն է. The Jerusalem Post

The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ի ցույց դնելով իր բարոյական պարզությունն ու զգացականությունը, կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունները որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Իր ելույթում Հռոմի պապը զուգահեռներ է անցկացրել այդ ցեղասպանության և ներկայումս Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ու Ասիայում մուսուլմանների կողմից քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների ու սպանդի միջև:

Թերթն ընդգծում է, որ ապրիլի 24-ին լրացող  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Իսրայելը պետք է հետևի Հռոմի պապի օրինակին և կանխամտածված սպանդը ճանաչի որպես ցեղասպանություն:

Ինչպես նշել է Հռոմի պապը, ցեղասպանության ժխտումը թույլ է տալիս, որ չարիքը բորբոքվի, ինչպես որ չմշակված վերքի դեպքում է: Հիտլերն ու նացիստական ռեժիմը նայել են Թուրքիայի թարախակալած բարոյական վերքին՝ ոգեշնչվելով իրենց ցեղասպանության համար: Հռոմի պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այժմ Իսրայելի հերթն է:

Տեսանյութեր

Լրահոս