«Հայոց Արծիվները» ողջունում են…

Քրիստոնեապաշտ Հայե՛ր,

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որն իրականացվեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից, մեկդարյա հայ ժողովրդի պայքարի գլխավոր դիվանագիտական հաղթանակն էր:

Քրիստոնյա աշխարհի ավագագույն ներկայացուցչի շուրթերից Հայոց Եղեռնը առաջին անգամ բնորոշվեց որպես «Անցյալ դարի առաջին խոշոր ցեղասպանություն»:

Գլուխ խոնարհելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ մենք՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և 301 մասնաճյուղերի անդամներս՝ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի առաջնորդությամբ, ողջունում ենք մեծ քրիստոնյայի՝ հայերի նկատմամբ ունեցած բացառիկ հոգատարությունը և մեր երախտիքի խոսքն ենք հղում Վատիկանին՝ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդին, ցեղասպան երկրի՝ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրողությունը համարձակ և անշահախնդրորեն վկայելու համար:

Վատիկանը ոչ միայն հայոց զոհերի հիշատակի սրբալույս արարողությունը տարբեր լեզուներով սփռեց ողջ աշխարհում, այլև հայերիս պատվեց՝ միջնադարի հզոր տաղերգու Գրիգոր Նարեկացուն արժանացնելով «Տիեզերական Եկեղեցու Վարդապետի» կոչման: Նարեկացի ծնող ժողովրդի զավակներս արժանիորեն պետք է գնահատենք և արդարորեն վերաիմաստավորենք հայերիս ընծայված պատմական այս կարևոր պահի հավերժական արժեքը:

Ինչ խոսք, աշխարհացունց այս իրադարձությունը իր նախապատմությունն ունի, ուր իրենց անգնահատելի դերակատարությունն են ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Գարեգին 2-րդ և Արամ 1-ին կաթողիկոսները, Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը: Մենք, խորին հավատամքով, ջերմագին ողջունում ենք հայերիս համար աննախադեպ այս խոշոր իրադարձությունը և համոզված ենք, որ հայ դիվանագիտության այս խոշոր հաղթանակը հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու նոր դռներ է բացելու:

Հայերիս ընծայված տիեզերական այս մեծ շնորհը շրջադարձային է և այդպիսին պետք է լինի նաև հայոց հզոր պետականության կերտման շուրջ համախմբվելու մեր ինքնագնահատականը՝ մեր արժեհամակարգային ձեռքբերումներով հպարտ լինելու և աշխարհին ցույց տալու, որ մենք, իրոք, հին ու քրիստոնյա ազգ ենք, եղել ենք, կանք ու պիտի լինենք:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահություն

Տեսանյութեր

Լրահոս