«Իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում». Վահան Բաբայանը՝ ՀԽ անդամների ձերբակալությունների մասին
«Եթե իրենք օրենք են խախտել և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել են այդ քայլին, ապա պետք է սպասել, որովհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում բավականին կասկածելի բնույթ էին կրում: Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան: Ես՝ որպես քաղաքկան գործիչ, այս պահին կխուսափեմ գնահատականներ տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների դեմ այսօր սկսված հետապնդումների մասին:
Ըստ նրա՝ իրավապահներին և ոչ մի համակարգի հնարավոր չէ լիովին վստահել, սակայն հղում է անում նրանց, որովհետև իրավապահները «պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում». «Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բան անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք, ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ, իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»:
168.am-ի հարցին, թե «Հիմնադիր խորհրդարանի» ո՞ր հայտարարություն է կասկածելի, Վ. Բաբայանը պատասպանեց, թե կա ապրիլի 24, որը հայ ազգի համար սգի օր է և չի ճանաչում քաղաքական և կուսակցական տարբերություն. «Եթե մարդիկ կարող են այդ օրը օգտագործել քաղաքական նպատակներով, սխալ է: «Հիմանդիր խորհրդարանի» անդամների դեմ քաղաքական հետապնդում չկա»: