Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերու գործով դատավարությունը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում մեկնարկել է հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատավարությունը: Բաղդասարյանը շփման գծի Ակնայի հատվածում գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:
Դատական նիստը նախագահել է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևը: Իր ելույթում պետական մեղադրող Անար Միրկիշիևը հայտարարել է, որ «հետաքննության ժամանակ որևէ իրավախախտում չի գրանցվել»:
Ապա խոսքը փոխանցվել է Բաղդասարյանին, ով ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ հայտարարել է, որ «չունի որևէ դժգոհություն»: Դատարանում Բաղդասարյանի «շահերը պաշտպանում է» փաստաբան Ռամիզ Աբդուլաևը: Որոշվել է դատական նիստն անցկացնել դռնփակ պայմաններում: Դատական քննությունը նշանակված է ապրիլի 13-ին:
Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները խախտելու մեջ՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ), 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (պայթյունի իրագործում՝ ուղղված կառույցներն վնաս պատճառելուն կամ կործանելուն):