Հերմինե Նաղդալյան. «Որոշեցինք Ցեղասպանության հուշահամալիր գալ և բարձրաձայնել մեր կոչը»

Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե Ֆակտո»-ի կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի ընդունումից և կուսակցության տարածքային կառույցների անդամների հետ քննարկումներից հետո առաջացավ աշխարհի մայրերին ու կանանց դիմելու միտքը:

«Կանանց և մայրերի ձայնը պիտի լսելի դառնա և կարող է ազդեցիկ լինել խղճի մտոք ապրող մարդկանց համար, ուստի որոշեցինք Ցեղասպանության հուշահամալիր գալ և բարձրաձայնել մեր կոչը՝ վստահ, որ ամեն հայի հոգում ու սրտում արձագանք կգտնի ու կարտահայտի նաև ամբողջ աշխարհում կանանց ու մայրերի՝ խաղաղության, իրենց հարազատներին ողջ ու իրենց կողքին ունենալու ցանկությունը:

Ցեղասպանությունը ոչ վաղեմության ժամկետ ունեցող ոճիր է, ոչ էլ հնարավոր է մոռանալ: Դատապարտելով հայոց ցեղասպանությունն ու ցեղասպանության ժխտողականությունը՝ մենք ուզում ենք աշխարհն ու Հայաստանը խաղաղ ու զարգացող տեսնել: Մեր կուսակցական միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեին շատերը, ենթադրում էինք, որ երեք հազար կանայք կհավաքվեն ՀՀԿ տարածքային կազմակերպություններից, այսօր տեսանք, որ այդ թիվը գերազանցեց՝ եկան բոլոր մարզերից:

Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է, որ այսօր բոլորիս միավորեց վստահությունն ու հավատը, որ աշխարհի մայրերին ու կանանց ուղղված կոչը տեղ է հասնելու, աշխարհում անտարակույս կան մեզ նման մտածող մարդիկ և համատեղելով մեր ջանքերը պիտի կարողանանք հասնել հայության նպատակների իրագործմանը՝ աշխարհին ավելի հասկանալի դառնալով մեր պատմությամբ, նպատակներով, ներկայի ու ապագայի խնդիրները լուծելու մեր ցանկությամբ: Լինել ընդդեմ ցեղասպանության և ցեղասպանության ժխտողականության պայքարողների կողքին նշանակում է լինել ճշմարտության և արդարության կողքին, առաջնորդվել համամարդկային, ոչ թե օրընթաց շահերով»,ասել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ

 

Տեսանյութեր

Լրահոս