Քաղաքապետարանը «Հարսնաքար»-ում խնջույքի վրա 9 միլիոն դրամ է ծախսել. «Ազատություն»
Երևանի քաղաքապետարանից չեն հերքում. 2014 թվականի ապրիլի 7-ին «Հարսնաքար» ռեստորանում խնջույք են անցկացրել ու ծախսել 9 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար)։ «Ազատության» հարցմանը, թե քանի մարդ է մասնակցել խնջույքին, քաղաքապետարանի լրատվության վարչությունից չպաստախանեցին, փոխարենը տեղեկացրին, որ ապրիլյոթյան միջոցառմանը հրավիրված են եղել քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ 9 միլիոնը պլանավորված է եղել բյուջեով՝ ներկայցուցչական ծախսեր ընդհանուր բաժնում։
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խնջույքի մասին իրենք չեն իմացել, ոչ էլ հրավիրված են եղել։
«Բնականաբար, չես էլ կարող վերահսկել, որովհետև բյուջեում, ծախսեր նախատեսելիս, եթե անգամ դրանք գրված են ներկայացուցչական, կամ չգիտեմ ինչ ծախսեր, չես կարող հասկանալ, որ դրա մեջ մտնում են նաև ռեստորանում խնջույքը, որին կարող են մասնակցել քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակիցներ», – ասաց Սաֆարյանը։
Այս տարի, այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը 9 միլիոն դրամ ապրիլի 7-ի համար չի նախատեսել, պնդում է լրատվության վարչությունը։ Բայց նաև չի թաքցնում՝ Ամանորին էլ խնջույք են արել։
«Հետք» պարբերականը մարտին հրապարակված հոդվածում գրել էր, որ, իրենց աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանը իր խնջույքները հիմնականում կազմակերպում է հենց «Հարսնաքար» ռեստորանում։ Քաղաքապետարանի աշխատակիցների ամանորյա խնջույքի ֆեյսբուքյան check in-ները, տեղանքի նշումները վկայում են՝ քաղաքապետարանի ամանորյա կորպորատիվն էլ նույն ռեստորանում է անցկացվել, թե այդ անգամ «Հարսնաքար»-ի հաշվին որքա՞ն է փոխանցվել, մեզ չհաջողվեց պարզել։
«Որքա՞ն հաճախակի է, կամ որքա՞ն պարբերական է դա, և ինչո՞վ է պայմանավորված քաղաքապետարանի մշտական համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հետ, չեմ կարող ասել, և թերևս դրա բացատրությունը տա քաղաքապետարանը», – ասաց Սաֆարյանը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հենց «Հարսնաքար» և ո՞ւմ ճաշակով, քաղաքապետարանի լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հարցը հռետորական է, չեն պատասխանի։
Հանուն պատշաճ տրասպորտային համակարգի, քաղաքապետարանի մոտ շաբաթներով նստացույց անցկացրած ակտիվստ Վահագն Մինասյանի խոսքով, քաղաքապետարանի՝ «Հարսնաքար»-ում խնջույքներ անցկացնելու պատճառն այն է, որ ռեստորանի սեփականատերը քաղաքապետի մտերիմ՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է։
Ակտիվստը դեմ չէ, որ քաղաքապետարանի աշխատակիցները խնջույքներ անեն, բայց ոչ ընկեր-բարեկամների ռեստորաններում։
«Հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, հանրության ծանր սոցիալական կացությունը, կարելի է շատ սահմանափակ և հետաքրքիր ձևով կազմակերպել, պարտադիր չէ իրենց օլիգարխ ընկերների գրպանը լցնել», – ասաց Մինասյանը։
Ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանն էլ դեմ չէ խնջույքներին, բայց բյուջեից 9 միլիոն խնջույքի վրա ծախսելը նա համարում է «խրախճանք ժանտախտի ժամանակ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: