Բաժիններ՝

Ո՞վ է դրդել գործարարին ինքնասպանության` բարձրաստիճան պաշտոնյանե՞րը, թե՞ պարտքերը. armlur.am

Գործարար, շինարար Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանության գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում: Սա միանշանակ նպատակ ունի գործն առավել խորքային քննելու, սակայն պետք է նկատել, որ ինքնասպանությունից առաջ գործարարը նամակ է թողել, որում, Armlur.am-ի տեղեկություններով, նշված են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել և հանձնել իր տան աշխատակիցներին` խնդրելով այն անպայման փոխանցել իր հարազատներին կամ փաստաբանին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարի կնոջ` Նաիրա Շահգելդյանի մտերիմը հայտնել է, որ Հ. Ամիրխանյանի թողած նամակը ոչ ոք չի տեսել, բովանդակությունն էր չգիտեն: Այդուհանդերձ, կայքին  հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր և արգելել են իրեն որևէ գործողություն իրականացնել: Իսկ թե կոնկրետ ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, և կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռևս հայտնի չէ:

Կայքը հիշեցնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով:

Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև 1 գնդակ: Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ Հ. Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում:

Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան: Ուստի դժվար չէ պատկերացնել, թե Ամիրխանյանի կառուցած շենքերի գնորդներն ովքեր են եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները գրավադնելուց բացի՝ գործարարն ունեցել է ահռելի թվով պարտքեր: Ըստ շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը Ավանի աղի հանքի մոտ շքեղ հյուրանոց ունի, որի վրա հսկայական գումարներ է ծախսել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս