Ոճի դասեր Էվելինա Խրոմչենկոյի կողմից. «Չկան տգեղ կանայք, կան անգրագետ վարսահարդարներ»
Գրավիչ և գեղեցիկ տեսք ունենալու համար պետք է տիրապետել կանացի փոքրիկ խորամանկությունների։ Դրանց մասին, թերևս, լավագույնս կպատմի մոդայի և ոճի մասնագետ Էվելինա Խրոմչենկոն։
Ըստ նրա՝ հաջողության գաղտնիքը պարզագույն որոշումներն են՝ սպիտակ վերնաշապիկ, վառ գույների գլխաշոր կամ շալ։ Եվ այսպես՝
1. Տղամարդու քայլվածքից ազատվելու համար լավագույն մարզասարքը ծնկից 2-3 ափաչափ երկար կիսաշրջազգեստներն են։
2. Հիշեք օրենքը՝ ծավալուն թևքերով հագուստի հետ՝ հարթ սանրվածք, կարճ զգեստի հետ՝ ձիգ զուգագուլպա, եթե՝ խոսուն հագուստ, ուրեմն՝ համեստ կոշիկներ։
Ձեր արտաքինն ամբողջությամբ չպետք է ճչան լինի և ակտիվ։
Բոլորովին սարսափելի չէ, որ Ձեր արտաքինի մեջ խոսուն լինեն, ասենք, աչքերը։
3. Դեռևս Իվ Սեն-Լորանը նկատել է, որ կոկորդը փակող նեղ խողովականման բլուզը (водолазка) հիանալի տարբերակ է ցանկացած անհարմար իրավիճակից դուրս գալու համար։ Այն կոռեկտ կերպով ձգում և ընդգծում է կուրծքը՝ միևնույն ժամանակ՝ օտար աչքերից թաքցնելով մանրամասները։
4. Նեղ ջինսերի ընտրությունը շատ պատասխանատու բան է։
Ջինսը պլաստիկ վիրաբուժության նման մի բան է. այն կամ ֆանտաստիկ կերպով գեղեցկացնում է կազմվածքը, կամ կատարելապես փչացնում է այն։
5. Ավանդական ճիշտ ներդրման դասական օրինակ է V-անման կտրվածքով քաշմիրե ջեմպրի ընտրությունը։
6. Աղջիկների մայրերը նրանց անպայման հագնվել պետք է սովորեցնեն։
Սխալ է մտածել, թե իբր կինն ի բնե գիտի ճիշտ հագնվել, դիմահարդարվել և սանրվածք ընտրել։
7. Ցանկացած հագուստ մարդու մասին կարող է պատմել ավելին, քան ինքն ուզում է։
8. Լավ ճաշակ ձևավորելու համար այդ ուղղությամբ պետք է աշխատել ամեն օր։
Երբ դադարում ես դա անել, ապա որ տարիքում էլ լինես, 19 կամ 75, սկսվում է ծերությունը։
9. Կոկո Շանելն ասում էր. «Հիանալի տեսք ունենալու համար պարտադիր չէ երիտասարդ լինել»։
10. Բացարձակ, կատարյալ գեղեցկությունը չի գրավում։
Որպեսզի ուշադրություն գրավես, այդ գեղեցկության մեջ պետք է լինի ինչ-որ փոքրիկ անճշտություն։
11. Ցանկացած կնոջ զգեստապահարանում հագուստը լինում է 3 տեսակի՝ իր համար, ընկերուհիների համար և տղամարդկանց համար։ Չարժե շփոթել այդ հագուստները։ Եթե դուք ժամադրության եք գնում, ապա հագուստը պետք է ընդգծի կրծքի, գոտկատեղի և ազդրերի տարբերությունը։
12. Վերանայեք ձեր շարֆերի, թաշկինակների և շրթներկերի հավաքածուն։ Եթե շարֆն ու շրթներկը համադրելի են միմյանց հետ, ապա դուք հիանալի տեսք կունենաք, եթե անգամ ընտրել եք այն գույնը, որը ձեզ դուր է եկել, բայց, այնուամենայնիվ, ձերը չէ։
13. Եթե քայլելու ընթացքում ձեր կիսաշրջազգեստը կամ շորը բարձրանում է վերև, ապա կամ դրանց ֆասոն եք սխալ ընտրել, կամ չափսը։
14. Շիկահերների համար հիանալի ցերեկային հագուստ է երկնագույնի գեղեցիկ երանգներով շորը՝ սպիտակ կոշիկների համադրությամբ։
Բայց հիշեք, որ սպիտակ կոշիկներ կարելի է հագնել մինչև ժամը 17:00-ն։
15. Չեն լինում հաստ ոտքեր, լինում են վատ զուգագուլպաներ։
16. Չկան տգեղ կանայք, կան անգրագետ վարսահարդարներ։
17. Մի վախեցեք բարձր կրունկներից։ Միշտ էլ կարելի է գտնել հարմարավետ բարձրակրունկ կոշիկներ։
18. Կոշիկը ոչ միայն հարմար, այլև շքեղ պետք է լինի։
19. Եթե կոշիկներն ու տաբատը նույն գույնի են, դա տեսողականորեն երկարացնում է ոտքերը։
20. Եթե դուք հագնում եք վառ, ճչան, աչքի ընկնող հագուստ, ապա ձեր սանրվածքը չպետք է աչքի ընկնի, որպեսզի զգեստից ուշադրությունը չշեղվի։
21. Մի ամաչեք ձեր կազմվածքից։ Այն, ինչ ձեզ տվել է Աստված, գեղեցիկ է։ Իսկ գեղեցիկի դեպքում պետք է ընդգծել կազմվածքը։ Կարևորը դա ճաշակով և գրագետ անելն է։
22. Երեկոյան հանդերձանքի մեջ կանոն կա. պետք է փայլի ինչ-որ մի բան, միայն մեկը՝ կամ շորը, կամ աքսեսուարները։
23. Եթե դուք ավելորդ քաշի խնդիր ունեք, բարձր կրունկները կարող են օգնել քողարկել թերությունները։
24. Մոդան փետուրներն ու փայլփլուն քարերը չեն։ Մոդան այն է, երբ կիսաշրջազգեստը լավ է նստում, տաբատը տեսողական կերպով երկարացնում է ոտքերը, երբ կինը հագնում է զգեստը, ու այն այնպես է սազում, որ կինն իրեն երկնքում է զգում, երբ կինը նոր պայուսակ է վերցնում ձեռքը, ու կարծես կյանքը փոխվում է, երբ «սև» օրվա համար պահած գումարով կինն իր համար կոշիկներ է գնում, իսկ այդ օրն այդպես էլ չի գալիս։
25. Ողջ կյանքում ցանկալի և միաժամանակ էլեգանտ տեսք ունենալու համար դիմեք դասականին՝ սև մատիտ-կիսաշրջազգեստ, սմոքինգ, բարձր, սուր կրունկներ, փոքրիկ քլաթչ-պայուսակ։
26. Եթե դուք ուզում եք բարձրանալ կարիերայի աստիճաններով, ապա հագնվեք այնպես, կարծես հենց այնտեղ եք գտնվում։
27. Գերազանց մոդայիկ համադրություն է սև երկարաճիտ բլուզը (водолазка), սրունքներից վերև շալվարը, էլեգանտ, ոչ շատ բարձր կրունկներով կոշիկները և տաբատի ու կոշիկի գույնի զուգագուլպան։
28. Փոքրիկ սև զգեստը կզարդարի նույնիսկ ոչ երիտասարդ կնոջը։
Միակ բանը, որ պետք է անել, այդ զգեստի հետ սև ձիգ զուգագուլպաներ հագնելն է։
29. Կարմիր զգեստը ճիչ է, մուգ բալագույն զգեստը՝ տեսակետ, իսկ սև զգեստը՝ կենսափիլիսոփայություն։
30. Բիժուտերիան այնպես պետք է ընտրել, որ երևա, որ դա բիժուտերիա է։
Եթե զարդը չի փորձում ցանկալին իրականի տեղ անցկացնել, ապա դուք շքեղ տեսք կունենաք նույնիսկ այն կանանց շրջապատում, ովքեր փայլում են բնական քարերի փայլով։
31. Շրջապատողների ուշադրությունը գրավելը հեշտ է։ Շուրթերին կարմիր շրթներկ քսեք, կրեք ահռելի արևային ակնոց և բռնեք վառ գույներով պայուսակ։
32. Խուսափեք ձանձրալի համադրություններից և աքսեսուարների բացակայությունից։
33. Փայլուն քարերով զարդարված էժանագին իրերը, որպես կանոն, ակնհայտ վուլգար տեսք ունեն։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ