Հայ-իրանական հարաբերություններին այլընտրանք չկա, բայց հնարավորությունների պակաս կա. Մհեր Բաղդասարյան
«Հայ-իրանական հարաբերությունները զարգացել են նույնիսկ այն ժամանակ, երբ Արևմուտքն Իրանին պատերազմով է սպառնացել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը` անդրադառնալով երեկ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցային ութօրյակի արդյունքում ձեռք բերված դրական համաձայնություններին և պայմանագիր ստորագրելու հեռանկարներին, դրանց ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա:
Նա նշեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա, բայց զարգացման հնարավորությունների պակաս կա՝ ոչ Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, որովհետև, երբ ողջ Արևմուտքն Իրանին սպառնում էր պատերազմով, հայ-իրանական հարաբերությունները զարգանում էին: Բաղդասարյանի փոխանցմամբ` հայ-իրանական հարաբերություններում լուրջ խնդիր մեկ անգամ է ծագել ապրանքների ներմուծման հետ, երբ Իրանը դադարեցրեց ներմուծումը, սակայն Հայաստանը կարողացավ Իրանի հետ համաձայնության գալ, ու այդ ապրանքները կրկին սկսեցին ներմուծել:
«Ընդհանուր առմամբ, լուրջ վերաբերվել և քննարկել ապագայում ստորագրվելիք պայմանագրի հնարավոր ազդեցությունը, չարժե, իմաստ չեմ գտնում, քանի որ մինչև ստորագրած փաստաթուղթն օրենքի ուժ չստանա, և առաջին գործողությունները չարվեն այդ ուղղությամբ, ոչնչի վրա հիմնվել չարժե: Մի երկրի հետ, որի հետ ունես լավ հարաբերություններ, և այդ երկիրը պատժամիջոցների տակ է, դա չի կարող քեզ վրա չանդրադառնալ: Հարցն այլ է, որ նույն Արևմուտքը Հայաստանին չէր կարող ստիպել միանալ պատժամիջոցներին, քանի որ հայ-իրանական հարաբերություններին այլընտրանք այս փուլում չկա: Ես այս ամենում դեռ լուրջ բան չեմ տեսնում, քանի դեռ չեն ապասառեցվել իրանական պետական բանկային հաշիվներն արևմտյան բանկերում, քանի դեռ Իրանին չեն վերաբերվում՝ որպես իրական մատակարարի, և այլն: Երբ այս ամենը տեղի ունենա, այդ ժամանակ կարելի կլինի հիմնավորել և անդրադառնալ մանրամասներին»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններում ռուսական գործոնին` նա ասաց, որ եթե հայ-իրանական հարաբերությունները ցանկանում ենք զարգացնել՝ որպես այլընտրանք հայ-ռուսական հարաբերություններին, ապա խոչընդոտներ կարող են լինել, բայց նման նպատակ Հայաստանը չունի: «Խոչընդոտող գործոնը ճիշտ ձևակերպում չի լինի, պարզապես հավակնությունների հարց է, այսինքն` գործոնի ազդեցությունը կախված է նրանից, թե ինչ բնույթի պայմանագրեր կցանկանա Հայաստանը ստորագրել Իրանի հետ»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել է, որ բանակցությունների արդյունքում կարողացել են գտնել «լուծումներ»։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ «հիմնական կետերի շուրջ հասել են փոխադարձ համաձայնության»։
Բանակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թեհրանը երկու-երրորդով կկրճատի ուրանի հարստացումը, իսկ միջուկային ծրագիրը կլինի տասնամյա դիտարկման տակ: Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ բանակցության արդյունքը պետք է արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, որից հետո Իրանի վրայից փուլ առ փուլ կհանվեն պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հայտարարել է պատժամիջոցները քայլ առ քայլ հանելու մասին` կախված, իհարկե, բանակցության պայմանավորվածությունների կատարման ընթացքից: Օբաման նշել է, սակայն, որ մարդու իրավունքների խախտման կապակցությամբ պատժամիջոցներին դա չի վերաբերում: Համաձայնության վերաբերյալ փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։