Իրանի հետ համաձայնագիրը սպառնում է Իսրայելի գոյությանը. Նեթանյահու

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը` հենված ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, կսպառնա Իսրայելի գոյությանը:

Նեթանյահուն դարձել է առաջիններից մեկը, ում հետ Օբաման քննարկել է ամփոփիչ համաձայնագիրը` փորձելով նվազեցնել Իսրայելի մտահոգությունը, ով հանդես է գալիս Իրանի մեկուսացման օգտին: Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդմամբ` հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը:

Հեռախոսաազրույցի ժամանակ Օբաման ու Նեթանյահուն քննարկել են նախօրեին Լոզանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված շրջանակային համաձայնագրի մանրամասները:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես դեմ է ձեռք բերված համաձայնությանը: Օբաման իր հերթին վստահություն է հայտնել, որ այդ համաձայնության շնորհիվ Թեհրանը զրկվում է միջուկային զենք արտադրելու հնարավորությունից:

Օբաման հիշեցրել է, որ ավելի վաղ Իրանը կատարել է Արևմուտքի հետ ձեռք բերած պայմանագրի բոլոր կետերը և թույլ է տվել մեծացնել ստուգումների քանակը: Օբաման ընդգծել է, որ եթե Թեհրանը խաբի Վաշինգտոնին, ապա աշխարհը կիմանա այդ մասին:

Օբաման նաև վստահեցրել է, որ ուժի մեջ են մնալու ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու համար Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Օբաման հավելել է, որ ազգային անվտանգության հարցերով իր թիմին հրահանգել է ընդլայնել Իսրայելի նոր կառավարության հետ խորհրդակցություններն ու մշակել Իսրայելի անվտանգության ապահովման հարցում իրենց համագործակցության ամրապնդման ուղիներ:

Տեսանյութեր

Լրահոս