Ծոմն ու պահքն էլ պարտադիր դարձրեք, 1,5 ամիս փակեք կինոներն ու սրճարանները. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հաստատված ավազակապետությունը կարծես թե հաստատուն քայլերով վեր է ածվում կղերապետության: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ կառավարության նիստում մի աբսուրդ ելույթ է ունեցել՝ հիմնավորելու համար, որ մեռելոցները Հայաստանում պետք է լինեն ոչ աշխատանքային օրեր:
Եպիսկոպոսը հիշեր է Երեւանի խանության ժամանակները, երբ պարսիկ խանը մեռելոցների համար ազատ էր թողնում հայերին: Երեւի պետք է շնորհակալություն հայտնենք, որ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը չի ասել. «Երանի այն ժամանակները»:
Եթե խանության ժամանակները պիտի հիշեր, թող հիշեր ուրեմն, թե ինչպես էր պատահել, որ այդ նույն ժամանակներում Հայ առաքելական եկեղեցին զուգահեռ մի քանի ամենայն հայոց կաթողիկոս ուներ եւ կաթողիկոսներից յուրաքանչյուրը լավ կլիենտ էր ման գալիս կաթողիկոսական հագը վաճառելու համար, հետո էլ վազում շողոքորթում պարսից շահին՝ միցակիցներին ասպարեզից հանելու համար:
Իսկ գուցե հիշենք Պապ թագավորի՞ ժամանակները, որին հայ կրոնավորները սպանել տվեցին բյուզանդացիների ձեռքով այն բանի համար, որ Պապ թագավորը հասկանում էր, որ պետության մեջ չի կարող լինել երկրորդ պետություն, ինչպիսին եկեղեցին է, որ դա անխուսափելիորեն բերելու է պետականության կործանման, ինչն էլ տեղի ունեցավ:
Իսկ ընդհանրապես կատարյալ աբսուրդն այն է, ինչ անում են կառավարությունն ու եկեղեցին՝ ձեռք-ձեռքի տված: Ինչո՞ւ պիտի գերեզմաններ գնալու օրը լինի ոչ աշխատանքային: Եթե էդպես է՝ ծոմն ու պահքն էլ պարտադիր դարձրեք ու գանահարեք կանոնները չպահողներին: Մեծ պահքի շրջանն ընդհանրապես հայտարարենք ոչ աշխատանքային ամիսուկես, փակենք կինոթատրոններն ու սրճարանները, զվարճանքի բոլոր վայրերը, որպեսզի ազգս խորհի ու խոկա պահքի ներքո, մոխիր լցնի գլխին եւ գուրձ հագնի՝ որպես աշխարհում քրիստոներությունն առաջինն ընդունած ժողովուրդ:
Իսկ եթե իսկապես քրիստոնեական արժեքներ եք սերմանում, դրա սերմանումը սկսեք եկեղեցուց: Էդ ձեր տերտերական բենթլիներն ու մեսեդեսները որքանո՞վ են կապված քրիստոնեության հետ, էդ եկեղեցիների պատերին կպցրած հայտարարությունները, թե «լեւի մոմերը», որ արտադրված չեն կաթողիկոսի արտադրամասերում, հաճելի չեն Աստծուն՝ որքանո՞վ են կապվում քրիստոնեության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում