Պուտինի տնտեսական թիմը հրաշքներ է գործում. Bloomberg
Bloomberg գործակալության կայքում մարտի 27-ին հրապարակվել է Լեոնիդ Բերշիդսկու «Պուտինի տնտեսական թիմը հրաշքներ է գործում» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Նախորդ շաբաթ Ռուսաստանի Կենտրոնական բանակի արժութային պահուստների ծավալն առաջին անգամ աճել է նախորդ տարվա հուլիսից ի վեր, և դա վկայում է այն մասին, որ ռուսական էկոնոմիկան հնարավոր է` անցյալում է թողել խուճապի ժամանակաշրջանը, որն առաջացել էր նախորդ տարի նավթի կտրուկ գնանկումից:
Ռուսական տնտեսության բարելավվող ցուցանիշներն արևմտյան կառավարություններին հավանաբար կհամոզեն նրանում, որ տնտեսական պատժամիջոցները որևէ զգալի ազդեցություն չեն ունենում, և որ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմին և նրա ղեկավարած երկրին չի սպառնում անխուսափելի կրախը:
2014 թվականի հուլիսի կեսերից Ռուսաստանը կորցրել է իր արժութային պաշարների ավելի քան մեկ քառորդը: Դրանց ծավալի նվազեցնումը հատկապես կտրուկ էր նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Ռուսաստանի Կենտրոնական բանակը տենդագին փորձեց գտնել դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքի անկումը դադարեցնելու եղանակը:
2015 թվականի հունվարից սկսած` արժութային պաշարների ծավալի նվազման արագությունն անկում է ապրել, ինչն ավելի շուտ վկայում է արժութային պահուստների կառուցվածքի, քան` պաշարների քրոնիկ սպառման մասին: 2014 թվականի հունվարին Ռուսաստանին էին պատկանում ԱՄՆ գանձապետարանի 131.8 միլիարդ դոլարի պարտատոմսեր:
Քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացան Ուկրաինայի հեղափոխությունից ու Ղրիմի բռնակցումից հետո, Ռուսաստանը սկսեց կրճատել իր դոլարային պաշարներն ու մեծացնել եվրոյի ու ոսկու պաշարները: Թեև 2014 թվականին ոսկեարժութային պաշարների ծավալն ընդհանուր առմամբ անկում ապրեց 23.9 տոկոսով, ԱՄՆ-ի պարտքի ծավալը նվազեց 37.6 տոկոսով` մինչև 82.2 միլիարդ դոլարի:
Այսօր Ռուսաստանին են պատկանում ԱՄՆ-ի գանձապետարանի ավելի քիչ պարտատոմսեր, քան Իռլանդիայի, Թուրքիայի կամ Սինգապուրի պարագայում է: Ոսկեարժութային պաշարների ընդհանուր ծավալն արտահայտվում է դոլարով, ինչի համար էլ նրա եվրոյի պաշարները որոշակիորեն տուժեցին այս տարի եվրոյի հանդեպ դոլարի կտրուկ ամրապնդման հետևանքով:
Կենտրոնական բանկին այլևս անհրաժեշտ չէ ռուբլուն աջակցել արտարժույթի վաճառքի միջոցով. այս տարի ռուսական ռուբլին ամրապնդվում է աստիճանաբար, ինչը մասնակիորեն բացատրվում է նավթի գների բարձրացմամբ, ինչպես նաև նրանով, որ Ռուսաստանը, ուր տոկոսադրույքը տարեսկզբին 17 տոկոսից նվազեցվեց մինչև 14 տոկոսի, դարձել է բավական գրավիչ, թեև և վտանգավոր տեղ` արժութային ակտիվներով գործողությունների համար:
Ռուբլու փոխարժեքի ու Brent տեսակի նավթի գնի միջև հարաբերակցության վրա նետած մեկ հայացքն ապացուցում է, որ ներկայումս ռուսական արժույթն ամրապնդվում է ավելի արագ, քան նավթի այդ տեսակը, իսկ դա վկայում է այն մասին որ carry trade-ի ռազմավարությունը (ֆոնդային ու արժութային շուկայում ներդրողների գործողության ռազմավարության տեսակ), որի շրջանակներում չարաշահորդները փոխառություններ են վերցնում դոլարով և վարկեր են տրամադրում ռուբլով, աջակցում է ռուբլու փոխարժեքի աճին:
Մարտի 16-20-ին եվրոն ամերիկյան դոլարի հանդեպ բարձրացել է 3 տոկոսով, ինչը պատճառ դարձավ ռուսական ոսկեարժութային պահուստների ծավալի` 1.2 միլիարդ դոլարով աճելուն: Ռուսական տնտեսության համար բազմաթիվ անբարենպաստ կանխատեսումները հենված են եղել արժութային պահուստների ծավալի կտրուկ նվազեցման նախադրյալի վրա:
Դա վերաբերում է նաև մեկ ամիս Պետերսոնի համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտը ներկայացնող Անդերս Ասլունդի կանխատեսմանը, որի համաձայն` ռուսական արժութային պահուստների ծավալը մոտենում է կրիտիկական մակարդակի: Ասլունդը գրել է.
«Ներկայումս Ռուսաստանն ամսական կորցնում է ավելի քան 10 միլիարդ դոլար, իսկ դա նշանակում է, որ արժութային պահուստների իրական ճգնաժամը վրա կհասնի երրորդ եռամսյակում»: Սակայն դա տեղի չի ունենա, եթե միայն նավթի գները չսկսեն վերստին կտրուկ անկում ապրել: Վերլուծաբանները դեռ միասնական կարծիքի չեն հանգել նավթի ապագա գների վերաբերյալ:
Տարբեր գնահատականներով` Brent տեսակի նավթի գինն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կարող է կազմել մեկ բարելի համար 50-90 դոլար: Միևնույն ժամանակ Bloomberg-ի կանխատեսմամբ` մեկ բարել նավթի գինը հասնելու է 68.95 դոլարի, ինչը բարձր է ներկայիս գնից, որը կազմում է 57.5 դոլար:
Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը նաև առաջարկել է մեկ բարելի համար պաշտոնական կանխատեսումը բարձրացնել 50 դոլարից, սակայն կառավարությունը դեռ մերժում է այդ առաջարկը` նախընտրելով պահպանել զգուշավորություն: Ընթացիկ պաշտոնական կանխատեսմանը համաձայն` ռուսական էկոնոմիկան կրճատվելու է 3 տոկոսով:
Եթե նավթի գինը գերազանցի այն սահմանը, որը նշված է բյուջեում, ապա էլ ավելի պակաս նկատելի կլինի տնտեսական անկումը, որն անխուսափելի է կառուցվածքային ձևի պատճառով, ինչպես նաև նախորդ տարվանից պահպանված չափազանց բարձր տոկոսադրույքների պատճառով, երբ Կենտրոնական բանկը փորձեց աջակցել ռուբլուն և որոնք շարունակում են մնալ որպես բավական օգտակար, քանի որ դրանք գրավիչ են carry trade-ի համար:
Տնտեսագետները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Bloomberg-ը, կարծում են, որ Ռուսաստանի տնտեսությունը միջին հաշվով կրճատվելու է 4 տոկոսով, իսկ Goldman Sachs-ը նշում է 2.7 տոկոս, ինչպես և ռուսաստանցի մի շարք լիբերալ տնտեսագետներ: Բնականաբար, դրանք չի կարելի անվանել տնտեսական հրաշալի ցուցանիշներ:
Ռուսաստանի նման խոշոր երկրում տնտեսական առանցքային ցուցանիշներից առկա կախվածությունը` սկսած Եմենի քաղաքացիական անկարգություններից ու վերջացրած նավթի գնի վրա մեծապես ազդող ամերիկյան ֆրեքինգային (նավթի արդյունահանման մեջ կիրառում է շերտի հիդրոպայթյունի մեթոդ) ընկերությունների պարտքային խնդիրներից, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
Ռուսաստանը մոտ ապագայում չի կարողանա հաղթահարել նավթից իր կախվածությունը սակայն ռուսական առանցքային շուկան դեռ կայունացել է ընդունելի մակարդակի վրա: Ինչպիսի՞ դեր խաղացին արևմտյան պատժամիջոցները: Գործնականում ոչ մի: Մենք հեշտությամբ կարող ենք հետևել, թե ինչպես են նավթի գնի փոփոխություններին ու արժույթի շուկայի փոփոխություններին արձագանքում Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները:
Միևնույն ժամանակ անկարելի է խոսել ֆինանսավորման ու առևտրի սահմանափակումների մասին: Արևմտյան պատժամիջոցները որոշակի տհաճություններ են պատճառել ռուսական մի շարք ընկերությունների: Սակայն Սբերբանկը` առանցքային պետական ինստիտուտը, որը զրկված է արտաքին ֆինանսավորում ստանալու հնարավորությունից, 2014 թվականին հայտնեց 7.7 միլիարդ դոլարի կայուն շահույթի մասին:
Բնականաբար դա ավելի փոքր ցուցանիշ է` համեմատած նախորդ տարվա հետ, սակայն որևէ աղետի մասին խոսք գնալ չի կարող: Պետք է արժանին մատուցել Ռուսաստանի տնտեսական կառույցների ղեկավարներին և հատկապես Կենտրոնական բանկի ու ֆինանսների նախարարության ղեկավարներին. նրանց հաջողվեց բավական բարդ իրավիճակում խուսափել կոպիտ սխալներից ու բաց պահել Ռուսաստանի տնտեսությունը:
Պուտինն ունի բազում խորհրդականներ, որոնք կարող էին նախընտրել այլ մոտեցում` պնդելով «Ռուսաստանի ամրոցի» գաղափարը, սակայն Պուտինը, չնայած պաշարված նախագահի բնազդին, վարվեց խելամտորեն` առանցքային պաշտոններում նշանակելով ճիշտ մարդկանց:
Ռուսաստանը շարունակում է մնալ խոշոր շուկայատնտեսություն, որն անկարելի է կործանել մի շարք համեստ սահմանափակումների օգնությամբ: Դա Ռուսաստանը վերածում է լուրջ սպառնալիքի նրա թույլ հարևանների համար, ինչպիսին որ Ուկրաինան է, և միաժամանակ վերածում է հնարավորությունների թերագնահատված գանձի:
Զուր չէ, որ CFA-ի ինստիտուտը (նեդրումների ոլորտի պրոֆեսիոնալների միջազգային ասոցիացիա) 2015 թվականին գնահատական տալով ներդրողների տրամադրությունները, Ռուսաստանն անվանել է ներդրումային գրավչության առաջատար շուկաներից մեկը` ԱՄՆ-ի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ մեկտեղ»: