Բաժիններ՝

Մեքենաների առքուվաճառքի և ավտոպահեստամասերի շուկան՝ կոլապսի շեմին

Նար-Դոս փողոցի ավտոպահեստամասերի խանութներից մեկը մտա, վաճառող երեք տղաները խանութի տարբեր անկյուններից մոտեցան. «Քուր ջան, էսօր առաջին մտնողն ես, ինչ առար` 30 տոկոս զեղչ ենք անելու»:

Մեր այցելած բոլոր 5 խանութներում պատկերը նույնն էր։ Բացում էին օրվա առևտրի ցանկը, ընդհանուր առմամբ միայն մեկ խանութում էր երեկ 14 հազար դրամի առևտուր եղել, մնացած խանութներում կամ ընդհանրապես չէր եղել, կամ առավելագույնը՝ 6000 դրամի չափով:

Մեր անցկացրած փոքրիկ հարցախույզի ընթացքում պարզ դարձավ, որ հունվարից հետո խանութների մեծ մասն ապրանք չի ներկրել: «Դեկտեմբերի 5-ից հետո կտրուկ, մի երկու օրում շուկան կաթվածահար եղավ, օրերով ոչինչ չէինք կարողանում վաճառել, մինչդեռ մարդիկ մինչև Նոր տարին, էսպես ասած, մի լավ թարմացնում են մեքենան` անվադողերով, յուղով, այլ մասերով: Այս տարի լավագույն դեպքում՝ ձմեռային անվադողերի պահաջարկ կար, շատերն էլ նախընտրում են արդեն օգտագործված ու էժան տարբերակներ»,- մեզ հետ զրույցում հայտնեց խանութներից մեկի սեփականատեր Արծրուն Եսայանը:

ԵՏՄ մտնելուց հետո ավտոպահեստամասերի շուկայում մեծ փոփոխություններ են եղել։ Արծրունը նշեց, որ ռուսական պահաստամասերը սկսել են շուկայում էժանանալ, իսկ Դուբայից և Չինաստանից ներմուծման դեպքում՝ ոչ կտրուկ, սակայն նկատելի չափով թանկացել են:

«Առանց այն էլ առևտուր չկար՝ դոլար-դրամ կուրսի պատճառով, դրա համար մենք՝ վաճառողներս, թանկացման բեռը վերցրեցինք մեր վրա, այսինքն՝ կրճատեցինք մեր շահույթը, որ ապրանքները չթանկանան, և մեր գնորդին չկորցնենք, սակայն մեր այս քայլն էլ չփրկեց»,- հայտնեց խանութի սեփականատերը՝ հավելելով, որ անցած տարիներին երբեք նման վիճակ չի եղել: Եղել են պասիվ օրեր՝ տոների կամ այլ պատճառներով, սակայն համընդհանուր անգործություն չի եղել:

Մեկ այլ խանութի աշխատակցուհի՝ Լուսինեն, խոսելով իրենց վաճառքների մասին, նշեց, որ իրենց խանութում վաճառվում են միայն ռուսական մեքենաների պահեստամասեր, որոնք հունվարից հետո մի փոքր էժանացել են, սակայն մարզերի իրենց հավատարիմ վաճառականները, արդեն երկու ամիս է, գալիս են Երևան և սև շուկայից ձեռք բերում հնամաշ մասեր, որոնք ավելի էժան վաճառելու հնարավորություն  ունեն:

Լուսինեն նշեց, որ չնայած գնողունակության անկմանը, կան ապրանքներ, որոնք չեն կարող չվաճառվել` մեքենայի լուսարձակների լամպեր, յուղ, անիվներ, «կալոդկաներ» և այլն։ Սակայն գնորդը գինն իմանալուց հետո կամ սկսում է սակարկել, կամ այլ խանութներից չինական էժան ապրանք է գնում. «Մարդկանց մեղադրել չի լինի, մեքենան նենց բան է, որ իրենք հաստատ ծախսեր անելու են։ Բայց տեսնում եք՝ ինչ վիճակ է բոլոր խանութներում։ Մտածում ենք՝ կարո՞ղ է՝ էս շուկայում վաճառողների թիվն է շատացել, բայց էլի պետք է առևտուր լիներ, ոչ էսպես…»:

Վիճակն ավելի վատ է ավտոշուկաներում, որն իր հերթին՝ ազդել է մեքենաների գների վրա: Ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող Արթուր Գալստյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեքենաների վաճառքների վրա ազդել է ոչ միայն փոխարժեքի տատանումը, այլև բանկերի կողմից վարկավորման սահմանափակումը:

«Շուկայում իրական գնորդներ չկան, բոլորը գալիս գին են ճշտում։ Օրական ամենաշատը մեկ կամ երկու մեքենա հնարավոր է վաճառվի։ Էսպիսի վիճակ չի եղել անգամ 2009 թվականի ճգնաժամի ժամանակ։ Ճիշտ է՝ գնողունակությունը մի քիչ ընկել էր, սակայն համեմատաբար գնորդներ կային, հատկապես՝ աշնանը, սեզոնը պիկին դրսից գումար էին ուղարկում, էստեղ մեքենա էին գնում: Այդ ժամանակ գներն էլ չփոխվեցին»,- հայտնեց Ա. Գալստյանը:

Նրա խոսքով՝ շուկայում գործող դիլերները գրեթե դադարեցրել են Վրաստանից մեքենաների ներկրումը, քանի որ շատ մեքենաներ այս պահին Հայաստանում ավելի էժան են, քան Վրաստանում: Նա  նշեց, որ «կլոր ֆառ» մերսեդեսը (E դասի), որ նախկինում ամենաէժանը հնարավոր էր գնել 10 հազար դոլարով, այսօր կարելի է գնել 7500-8000 դոլարով: Բոլոր մեքենաներն այս տրամաբանությամբ էժանացել են. «Մեքենաների սալոններում վաճառքը ևս խայտառակ վիճակում է։ Եթե նոր մեքենան երևանյան սալոնում 60 հազար դոլար արժե, ապա Ռուսաստանից նույն թվի մեքենան կարելի է գնել և Երևան հասցնել 44 հազար դոլարով։ Այս տեսանկյունից՝ հնարավոր է՝ վրացական շուկային մոտ ապագայում փոխարինի ռուսական շուկան, որտեղ վաճառվող մեքենաները՝ թե՛ տեղական արտադրության, թե՛ արտասահմանյան, որակապես ավելի լավն են»:

Ա. Գալստյանի խոսքով՝ այս պահին շուկայում շատ են գրանցվում ինքնարժեքով վաճառքներ։ Պատճառն այն է, որ վաճառողը ֆինանսական խնդիրներ ունի կամ վարկով է մեքենան վերցրել, չի կարողանում այն մարել, ստիպված ինքնարժեքով է վաճառում:

«Դեպի լավը սպասելիքներ չկան, դրամի արժևորում չեմ սպասում, ուստի մի տարբերակ է մնում՝ բանկերը սկսեն ավտովարկավորումն ամբողջ ծավալով: Չեմ կարող պնդել, որ նախկին տարիների աշխուժությունը կլինի, սակայն գոնե մինիմալ վաճառքներ կգրանցվեն»,- ավելացրեց Ա. Գալստյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս