Mathemetics.am. անվճար մաթեմատիկա՝ բոլորի համար
Ուզո՞ւմ ես լինել խելացի, հաջողակ ու տարբերվող, ուրեմն Mathemetics.am-ը կօգնի քեզ. աշակերտների համար նախատեսված այս համակարգն այսօր հայ երեխաներին է ներկայացնում դինամիկ խնդիրներ, անվճար գրանցում և ուսուցում, տեսական գիտելիքներ ու առցանց մրցույթներ: Սա նախատեսված է 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտների համար։
Mathemetics.am-ը Կովկասում առաջին առցանց ռեժիմում մաթեմատիկա սովորեցնող թեստավորման համակարգ է։ Ըստ համակարգի հիմնադիր Դավիթ Նիկողոսյանի` աշակերտներին այսօր մեծ հնարավորություն է տրվում զարգացնել տրամաբանությունը, հիմնարար գիտելիքներ ստանալ մաթեմատիկայից և պատրաստ լինել բոլոր (այդ թվում՝ նաև ընդունելության) քննություններին: Համակարգը հետաքրքիր է ու յուրօրինակ, քանի որ դրանից օգտվելն անվճար է։
«Կովկասում նման բան չկա, վախենում եմ ասել նաև, բայց նման բան աշխարհում էլ չկա. Mathemetics.am-ն իր տեսակի մեջ եզակի է` անվճար, օնլայն թեստավորում, նման մանրամասն ինֆորմացիա (դիրք, միավոր, դպրոց…), մրցույթներ… Այս ամբողջն ապահովող համակարգ ես երբևէ չեմ հանդիպել, իսկ նմանատիպ բաներ էլ եթե կան, ուրեմն բոլորն անգլերեն են: Սա ամբողջությամբ հայերեն է, ու նախատեսված է ամբողջ աշխարհի հայ երեխաների համար»,- ասում է Դավիթ Նիկողոսյանը:
Կայքը գործում է 2011 թվականից, այսօր շուրջ 5000 աշակերտ` Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից, գրանցված է այս համակարգում: Կայքի համակարգողները նկատում են, որ օրական մոտ 100 աշակերտ է այցելում կայք ու օգտվում դրա ընձեռած հնարավորություններից: Դավիթ Նիկողոսյանի խոսքով` կայքում գործում է բացարձակ հավասարություն, ու դա հնարավորություն է տալիս աշակերտին իմանալ իր իրական ունակությունները` համեմատելով իրեն մյուս դպրոցների աշակերտների հետ: Քանի որ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում գնահատման առանձին համակարգ է գործում (օրինակ, Երևանի դպրոցի երեխան կարող է ավելի ցածր գնահատական ստանալ, քան մարզի դպրոցի երեխան, երբ իրականում նրանք նույն ունակություններն ունեն մաթեմատիկայի աշխարհում), սա հենց իր տեսակով մի այնպիսի հարթակ է ստեղծում, որտեղ կհավասարվեն տարբեր դպրոցներում ուսուցում ստացող երեխաները:
Կայքը ոչ միայն անվճար է, այլև առանց գովազդների. իսկապես, կայքում անգամ մեկ գովազդ չենք հանդիպի, սա արվում է միայն «բարի ստրով»: Հեղինակներն ու համակարգողները ոչ մի գումար չեն աշխատում այս համակարգի միջոցով, աշխատող թիմը մի մեծ ընտանիք է, և այս ընտանիքում իրոք հենց արյունակցական կապն է գործում: Դավիթ Նիկողոսյանի մեծ ընտանիքն է ստեղծել այս ամենը` նա, եղբայրը, կինը, կնոջ հարազատները, մի խոսքով` մի ամբողջ ծրագրավորողների ու մանկավարժների ընտանիք: Սա նրանց համար պարզապես մի հաճելի աշխատանք է, Դավիթ Նիկողոսյանի խոսքով` նրանք իրենց բավարարված ու երջանիկ են զգում, երբ կարողանում են ինչ-որ լավ բան անել հայ երեխաների համար:
Համակարգի հիմնադիրն այսօր հայ աշակերտների ապագայով այնքան շատ է մտահոգված, որ իր առաջարկած խնդիրները մատուցում է ոչ այս սերնդի համար նախատեսված դասագրքերից: «Հիմնականում սովետական գրքերից ենք օգտվում, քանի որ, կարծում եմ` այդ տարիների դասագրքերն ամենալավն են եղել, ես ինքս էլ սովետական կրթություն եմ ստացել, և այսօրվանի հետ համեմատելու դեպքում` տարբերությունն ակնհայտ զգում եմ: Այսօրվա աշակերտի համար նախատեսված գրքերից մենք չենք օգտվում, իհարկե, նույն բարդության խնդիրներ ներառում ենք, բայց հենց այդ գրքերի մատուցածը չենք հավանում»,- ասում է Դավիթ Նիկողոսյանը:
Երեխաների կողմից մեծ հետաքրքրությունը նկատում են Mathemetics.am-ի համակարգողները, բայց նույնն ասել ուսուցիչների ու տնօրենների մասին` չեն կարող: Եղել են դպրոցներ, որոնց տնօրենները հրավիրել են համակարգողներին՝ ներկայացնելու նրանց աշխատանքը, բայց առանձնահատուկ ուշադրություն սովորական ուսուցիչների կողմից գրեթե չեն նկատել: Սա էլ, ըստ Դավիթ Նիկողոսյանի, պատճառներից մեկն է, որ Mathemetics.am-ն այսօր ինչպես հարկն է` ճանաչված ու տարածված չէ:
Խոսելով կայքում տեղ գտած խնդիրների բարդության ու դրանց տարբերությունների մասին` համակարգի հիմնադիրը ներկայացրեց մեզ նաև Mathemetics.am-ի առավելություններն ու յուրահատկությունները: Եթե երեխան սխալ է պատասխանում հարցերին, համակարգը ֆիքսում է այդ պատասխաններն ու նվազեցնում նախատեսվող բալը, նաև ճիշտ պատասխանը չի հայտնվում էկրանին այնքան ժամանակ, մինչև երեխան ինքը մի քանի անգամ սխալ լուծելուց հետո չի հասնում դրական արդյունքի: Երեխաների ծնողներն այս դեպքում նույնիսկ հնարավորություն ունեն հասկանալ, թե մաթեմատիկայի որ բաժիններն են ավելի հեշտ յուրացվում իրենց երեխաների կողմից, քանի որ բոլոր մասնակիցների մասին տրվում է որոշակի տեղեկություն:
Mathemetics.am-ի հիմնադիր Դավիթ Նիկողոսյանի համար այս համակարգը նորություն չէ, քանի որ տարիներ առաջ նմանատիպ մի բան նույնպես ներկայացվել է իր կողմից: Ըստ նրա՝ հինը նորի հետ չես համեմատի, այն ավելի շատ ծրագրավորողների համար էր. խնդիրներն ավելի բարդ էին, ու հիմնականում նախատեսված էր ուսանողների համար: Հին կայքից օգտվողներն ու այցելուները շատ չէին, այդ պատճառով էլ ծնվեց նորը`Mathemetics.am-ը:
Համակարգողներն ամեն ինչ անում են կայքն ավելի հետաքրքիր դարձնելու համար և Mathemetics.am-ում պարբերաբար անցկացնում են առցանց մրցույթներ: Մի քանի օր հետո` ապրիլի 11-ին, ժամը 12:00-ին կանցկացվի հերթական մրցույթներից մեկը, ժամը կարևոր է հիշել, քանի որ այն տևելու է ընդամենը 1 ժամ, ներկայացվելու է 10 խնդիր: Մրցույթը նախատեսված է V-VI դասարանի աշակերտների համար, բայց, իհարկե, կարող են մասնակցել նաև բոլոր օգտատերերը: Մասնակիցների ծնողները, ինչպես նաև բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան հետևելու մրցույթի ողջ ընթացքին: Մրցույթի հեղինակները նախազգուշացնում են` «Հուշում» բաժինը մրցութային խնդիրների համար չի գործելու, իսկ հաղթողը հայտնի կդառնա մրցույթի վերջին վայրկյանին:
Ցավոք, բայց մրցույթներում հաղթողների համար հատուկ մրցանակներ չեն լինելու, Դավիթ Նիկողոսյանի խոսքով` եթե գտնվեին հովանավորներ ու հետաքրքրվեին ծրագրով, միգուցե լինեին մրցանակներ` նվերների տեսքով, բայց հիմա համակարգողներն ի վիճակի չեն հատուկ մրցանակներ պատրաստել հաղթողների համար: Համակարգի հիմնադիրը նաև պատմեց, որ այս հարցով դիմել է շատերին, այդ թվում՝ նաև Կրթության նախարարությանը, բայց արձագանքներ չի ստացել, առհասարակ հովանավորներ չեն գտնվել այս տարիների ընթացքում: Մեծահասակների անտարբերությունն այսօր ամենևին չի վախեցնում Mathemetics.am-ի հեղինակներին, քանի որ նրանց համար կարևորն աշակերտներն են, որոնցից՝ հետաքրքրվողների թիվը բավականին մեծ է: Միայն երեխաներին օգտակար լինելու զգացումը բավական է Դավիթ Նիկողոսյանի ընտանիքին, որպեսզի աշխատի նույն ոգով ու ավելի մեծ ցանկությամբ: