Ռուսաստանը կմիանա ԱՄՀ-ի չինական համարժեքին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը որոշել է անդամակցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB), որը ստեղծվել է Չինաստանի նախաձեռնությամբ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Շուվալովը Չինաստանի Հայնան նահանգում անցկացվող Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է. «Կցանկանայի իրազեկել ենթակառուցվածքային ներդրումների բանկի կապիտալին մասնակցելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահի որոշման մասին»:
AIIB-ը ստեղծվել է 2014 թվականին, նրա նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ենթակառուցվածքների նախագծերը ֆինանսավորելը: Այդ նախագծի շուրջ առաջին հուշագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերին, Պեկինում: Բանկի համահիմնադիրների ցուցակը պետք է հրապարակվի մարտի 31-ին: