Բաժիններ՝

Ինչո՞ւ է Հարկայինը ստուգում խոշորներին

Հարկային մարմինները վերջին շրջանում ինտենսիվ ստուգումներ են սկսել խոշոր ընկերություններում։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ պատճառը տնտեսական տեսանկյունից բյուջե ավելի շատ մուտքեր ապահովելն է։ Սակայն մի այլ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում՝ հարկային ստուգումներ և ակտավորումներ են սկսել հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում: Դեռ օրեր առաջ հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանին և Հակոբ Հակոբյանին պատկանող բիզնեսներում և տուգանել նրանց։ Այժմ ստուգվում է Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան»: «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը մեզ հետ զրույցում փորձեց մասնագիտական տեսանկյունից վերլուծել այս երևույթը՝ մի կողմ թողնելով քաղաքական գնահատականները:

«Որքան սպառումը նվազում է, այնքան նվազում է հարկման բազան, հետևաբար՝ հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Հարկերի հավաքագրման համար հարկային վարչարարություն ուժեղացնելու դեպքերում դժգոհությունները շատանում են, գործարարների մի մասը թողնում է երկիրը, ինչի հետևանքով՝ նորից սպառումը նվազում է, նորից հարկերի հավաքագրումը խնդիր է դառնում: Փակ շղթա է ստացվում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճնշումներ են գործադրվում։ Դժգոհությունները շատանում են, հիասթափություններ և մեկնումները՝ նույնպես»,- ասաց Փ. Թադևոսյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ խոշոր բիզնեսների ստուգումներին, ըստ մեր զրուցակցի, նախկինում էլ նման ստուգումներ եղել են: Սակայն, եթե հիմա են բարձրաձայնում այդ մասին, միգուցե խնդիրն այն է, թե ինչ հիմքերով են արձանագրվում խախտումները:

Վերջինս նշեց, որ ստուգումների ժամանակ որոշ տեսուչներ հաճախ օրենքի «տառակերություն» են անում, օրենքի որոշ դրույթներ շահարկման առարկա են դառնում, օրենքների մեջ ծուղակներ շատ կան. «Մի հիմքով գրվում է օրենքը, սակայն կիրառության մեջ դեֆորմացվում է, որի արդյունքում պատժիչ գործողությունները շատ դեպքերում ավարտվում են նրանով, որ մարդիկ քաշքշուկներից հրաժարվելով՝ վճարում են տուգանքները»:

Ըստ Փ. Թադևոսյանի՝ այս պրոցեսը կոնկրետ անձերի և կուսակցական պատկանելության հետ կապված չէ, «սակայն, եթե հարկային ստուգումներն այսպես շարունակվեն, ի վերջո, շատերը հիասթափվելու ու գնալու են երկրից: Մեծեր և փոքրեր տարանջատելը, կարծում ենք, որ ճիշտ չի. այստեղ ամենակարևորը ստուգումներով արձանագրվող խախտումների հիմնավորվածությունն է, պետք է նայել հիմքերին»:

Փ. Թադևոսյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ վերջին շրջանի ստուգումներն իրականացվում են ստվերի դեմ պայքարի շրջանակներում, քանի որ, ըստ նրա, Հայաստանում մեծ հաշվով ստվերային տնտեսություն չկա, բոլորը բոլորի  մասին ամեն ինչ կարծես թե գիտեն:

Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսի ստուգումներին, մեր զրուցակիցը նշեց, որ շրջանառության հարկի բեռը համարժեք չէր այն հարկային բեռին, որ պետք է լիներ: Բացի դրանից, փոքրի դեպքում եթե հայտարարագրեն ամբողջ շրջանառությունը, որոշ ոլորտների դեպքում, կարող է ստացվել, որ վճարման ենթակա հարկն իրենց շահույթից ավելի մեծ է:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից «168 Ժամի» հարցադրմանը` արդյոք հարկային մարմինների ստուգումներն այս օրերին ինտենսի՞վ են ՓՄՁ ոլորտում, պատասխանեցին, որ նման ստուգումներ չկան, որովհետև, եթե լինեին, կենտրոնի մասնագետներն այդ մասին կբարձրաձայնեին:

«Ֆորեքս քլաբի» փորձագետ Իրինա Սիմոնյանը նշեց, որ հնարավոր է՝ բյուջեում մուտքեր ավելացնելու համար են նման ստուգումներ և ակտավորում սկսել, սակայն այս գործընթացը բավականին վտանգավոր է այն առումով, որ առանց այն էլ գոյություն ունեցող ֆինանսական լարվածության պարագայում սա լուրջ ռիսկեր առաջ կբերի ընկերությունների հետագա գործունեության համար:

«Հիմա բիզնեսը պետք է նոր պայմաններին հարմարվի, հակառակ դեպքում՝ չի բացառվում, որ եթե տույժերը շատ լինեն, որոշ ընկերություններ չդիմանան վիճակին: Այս իրավիճակում ավելի ճիշտ կլիներ, որպեսզի հարկային արձակուրդ տրվեր ընկերություններին, որպեսզի նրանք կարողանային իրենց ռեսուրսների կառավարման նոր պլան մշակել, հետո նոր վերսկսել տուգանքները»,- հայտնեց Ի. Սիմոնյանը:

Նրա խոսքով, հարկային պարտավորությունների հետ կապված՝ շատ ընկերություններ խախտումներ ունեն, սակայն այդ խախտումները հիմա վեր հանելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, որը չի բխում բիզնեսը զարգացնելու ռազմավարությունից. «Թեև հասկանալի է, որ բյուջե գումար բերելու խնդիր կա, սակայն զգուշավորություն է այստեղ պետք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս