«ԵՄ զեկույցը համարժեք է հայաստանյան իրողություններին». Արթուր Սաքունց

«ԵՄ զեկույցը համարժեք է հայաստանյան իրողություններին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտխան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթղթին, որը նախօրեին Երևանում հրապարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նա նշեց, որ ԵՄ-ի զեկույցը քաղաքական կարող էր համարվել, եթե զեկույցում ներառված գնահատականները համարժեք չլինեին երկրում տիրող իրավիճակին:

«Հայաստանում իսկապես ոչ մի առաջընթաց չի գրանցվել ոչ մարտի 1-ի բացահայտման գործում, ոչ դատական իշխանության, դատավորների անկախության ապահովման և ընտրական համակարգերի բարեփոխման, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում առաջընթացի հարցում: Զեկույցն, իմ համոզմամբ, ունի ոչ թե քաղաքական կոնտեքստ, այլ հենց իրական իրավիճակի արտացոլումն է: Եթե մեզ թույլ տանք խոսել քաղաքական նպատակահարմարության մասին, ապա կասեմ, որ նախորդ տարիներին ողջունվում էր Հայաստանի այս կամ այն քայլը, քանի դեռ հստակ կերպով Հայաստանը ցույց էր տալիս, որ իրականացնում է քայլեր Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Բայց բնականաբար, երբ այլևս հստակ է, որ կա համագործակցություն, չկան փոփոխություններ, ավելին ՀՀ-ն նաև հրաժարվոմ են Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ապա պարզ է դառնում, որ չկա քաղաքական կամք բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Արթուր Սաքունցը՝ շարունակելով, որ այդ մասին ԵՄ պաշտոնյաներին, ներկայացուցիչներին իրենք իրավապաշտպանները հուշել են բազմիցս, պնդել, որ ՀՀ իշխանությունները ձևական քայլեր են իրականացնում ԱՀ-ի ուղղությամբ, պարզապես այդ փուլում պատշաճ և համարժեք արձագանքի չէին արժանանում իրավապաշտպանների բարձրացրած մտահոգությունները: Բայց այս, նրա խոսքով, գնահատականը համարժեք է ներկայիս իրավիճակին:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ ըստ զեկույցի՝ Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում: Զեկույցում արձանագրված է նաև, որ լայն փոխհամաձայնություն չկա երկրում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս