Եգիպտոսը Եմենի դեպքերի կապակցությամբ ռազմանավեր է ուղարկել Ադենի ծովածոց
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ եգիպտական նավատորմի 4 ռազմանավեր ուղարկվել են Ադենի ծովածոց: Եգիպտական ռազմանավերը պետք է անցնեն Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով դուրս գան Ադենի ծովածոց: Ակնկալվում է, որ դրանք նշանակման վայր կհասնեն այսօր երեկոյան:
Սրանից առաջ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի երկրները սկսել են ավիահարվածներ հասցնել Եմենի շիա ապստամբների դիրքերին: Ավիահարձակումներին մասնակցում է 148 մարտական ինքնաթիռ:
Այդ գործողությանն աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան ու Պակիստանը: Իրանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել դրան: Ընդգծվում է, որ Պակիստանը նույնպես նավատորմ է ուղարկել Եմենի ափեր: