Իրանի ԱԳՆ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիային՝ կապված Եմենի դեպքերի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել Եմենում իր ավիահարվածները: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ պետք է անհապաղ կասեցվի Եմենի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը՝ հակառակ դեպքում ի հայտ կգան ավելի բարդ ճգնաժամեր:

Միջուկային բանակցությունների կապակցությամբ Լոզանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ անհապաղ պետք է դադարեցվեն Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ Եմենում իրականացվող ավիահարձակումները:

Զարիֆն ընդգծել է, որ այդ հարձակումներն ուղղված են Եմենում (շիա ապստամբների) գերիշխանության դեմ: Նա խոստացել է, որ Իրանը կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Եմենի ճգնաժամը վերահսկողության տակ առնելու համար:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան ու նրա տարածաշրջանային դաշնակիցները ռազմական գործողություն են սկսել Եմենում՝ ավիահարվածներ հասցնելով շիա ապստամբներին: Սաուդյան Արաբիան մտադիր է Եմենում գործարկել 100 կործանիչ և 150.000 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս