Բաժիններ՝

«Ինչպես Հայաստանում, Լոս Անջելեսում էլ հնարավոր չէ մաքուր հայկական երաժշտությամբ փող աշխատել»

Ամերիկյան Element Band խմբի երկու անդամ` Սոսե Քեշիշյանն ու Արա Դաբանջյանը, անցնող երկու շաբաթներին ստեղծագործական աշխատարան (workshop) էին ղեկավարում «Թումո» Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Դասընթացների ընթացքում նրանք համատեղ երգ ձայնագրեցին «Թումոյի» աշակերտների հետ, իսկ վերջում համերգ ունեցան «թումոցիների» համար։

10 տարի առաջ Լոս Անջելեսում հիմնված խմբի հայաստանյան այցը համերգային էր` դրսում բավականին հայտնի Element Band-ն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։ Երաժշտական ակումբներում նրանց ելույթներին մեծաթիվ երիտասարդություն էր ներկա լինում։ «Չեմ ուզում գնալ Հայաստանից միայն երիտասարդության համար»,- մեզ հետ զրույցում համերգի վերջին օրն ասաց խմբի մեներգչուհի Սոսե Քեշիշյանը։ Նա, իբրև կատարող, ամիսներ առաջ ամերիկյան «Capital Cities» խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանի հետ Հայաստանում ունեցել էր համերգներ։

Element Band (4)

Այս անգամ իր հիմնական խումբը` Element Band-ն էր ներկայացնում։ Նա, Արա Դաբանջյանն ու խմբի ջութակահարը խմբի հիմնական անդամներն են, մյուս անդամները, ինչպես ասացին մեզ հետ զրույցի ընթացքում, անընդհատ փոխվում են։ Element Band-ի առաջին համերգը Երևանում կազմակերպել էր «Deem Communications»-ը։ Վերջին տարիներին հայկական ժողովրդական երաժշտությունը տարբեր մշակումներով (ջազ, ռոք և այլն) հաճախ է ներկայացվում, իսկ Element Band-ը համարվում է հայկական ժողովրդական երաժշտության ֆոլք ժանրի առաջին մեկնաբանը։ «Վստահորեն կարող ենք ասել, որ մենք ենք հայկական երաժշտության մեջ այս ժանրի հիմնադիրը, քանի որ 2004-ին, երբ խումբը ստեղծվեց, չկար այս ժանրում երգող խումբ։ Այսօր արդեն շատ են, Հայաստանում էլ տեսանք, շատ ուրախ ենք, որ ձգտում կա հայկական երաժշտությունը նորովի ներկայացնելու։ Սա մի ձև է գեղեցիկ, սիրված երգերը մոռացությունից փրկելու»,- ասաց Արա Դաբանջյանը։

Կարդացեք նաև

Element Band (3)

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ում դրամ վաստակել` հայկական երգեր երգելով, Արա Դաբանջյանը պատասխանեց. «Ինչպես Հայաստանում, Լոս Անջելեսում էլ հնարավոր չէ մաքուր հայկական երաժշտությամբ փող վաստակել։ Արմենչիկ կամ Թաթա պիտի լինես` երաժշտությամբ փող վաստակելու համար։ Հայկական մաքուր, անխառն երաժշտության դեպքում այսօր դա գրեթե անհնար է։ Ամերիկացիները կարող են. նրանք միլիոնավոր լսարան ունեն, իսկ մեր երաժշտությունը մնում է քչաթիվ ճաշակով մարդկանց համար, որոնք, Լոս Անջելեսում, ամեն դեպքում, ավելի շատ են, քան` Հայաստանում»։

«Հայաստանում մարդկանց մեծ մասը հայերեն երգեր է լսում, որոնք մեզ անծանոթ են, մեր երգերը չեն, հայերեն բառերով են, բայց` եվրոպական կամ ուրիշ երաժշտությամբ, Լոս Անջելեսում ավելի մեծ կարոտ կա հայկական ժողովրդական երգերի հանդեպ»,- մեզ հետ զրույցում Սոսե Քեշիշյանը։

Element Band (5)

Խմբի անդամները վստահեցրին, որ խումբը չեն հիմնել փող վաստակելու համար, այլ` մանկուց իրենց ընտանիքներում լսած հայկական գեղեցիկ երգերը նոր սերնդին ներկայացնելու նպատակ են ունեցել։ Սոսե Քեշիշյանը երգում է 7 տարեկանից, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի էթնո-երաժշտագիտության բաժնում, համալսարանական տարիներին էլ ծանոթացել է ծագումով լիբանանահայ, ԱՄՆ տեղափոխված երաժիշտ Արա Դաբանջյանի հետ և միացել Element Band-ին։ Սոսեն աշխատում է ամերիկյան հեռուստատեսության ասպարեզում` հեռուստաֆիլմերի դերասանների հագուստների ձևավորմամբ է զբաղվում։

Արան նույնպես խմբից դուրս այլ աշխատանք ունի։ «Հնարավոր չէ միայն համերգներով ապրել։ Իհարկե, շատ երջանիկ կլինենք, որ այնքան ճանաչված դառնանք և հասնենք այն մակարդակի, որ կարողանանք միայն երգել, ինչը եղել է մեր երկուսիս մանկության երազանքը»,- ասաց Արա Դաբանջյանը` չժխտելով, որ խումբը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Միջին Արևելքում ամենաճանաչված խմբերից է։ Մեր հարցին` չե՞ն մտածում Հայաստան տեղափոխվելու մասին, Արա Դաբանջյանը պատասխանեց. «Կարծում եմ` դրսում մնալով ավելի շատ բան կարող ենք անել Հայաստանի համար, քան` այստեղ գալով։ Մեր գալն անհրաժեշտություն չէ, կարելի է հեռվից էլ ծրագրեր իրականացնել, օժանդակել երաժշտական կյանքի զարգացմանը։ Այս այցին արդեն շատ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին` հետագա համագործակցության համար»։

Element Band (1)

Խումբը չի սահմանափակվում միայն հայկական երաժշտությամբ, կատարում է նաև մեքսիկական, հունական և այլ ժողովուրդների երգերի նոր մեկնաբանություններ, երբեմն հայկական ֆոլկը համադրում է տանգոյի, ֆլամենկոյի, հունական ու այլ ազգային երաժշտության ժամանակակից մոտիվների հետ` առանց վնասելու երաժշտության հիմքը։ «Մեր խմբում տարբեր զգացմունքներ, մշակույթներ կան, ձայնագրում ենք չորրորդ ձայնասկավառակը։ Մյուս երեք ձայնասկավառակները բերել ենք մեզ հետ, արդեն հասանելի են հայաստանցիներին, չնայած մեր YouTube-ի ալիքն էլ շատ դիտումներ է ունենում, որի մեծ մասը, գիտենք, որ Հայաստանից են»,- ասաց Արա Դաբանջյանը` ավելացնելով, որ իրենց կատարմամբ միայն «Մարտիկի երգը» 35.000 դիտում է ունեցել։

Երևանյան համերգներին նրանց ընկերակցում էր «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։ Ինչ վերաբերում է խմբի գործունեության մասին արվեստաբանների գնահատականներին, Սոսե Քեշիշյանն այսպես մեկնաբանեց. «Արվեստի քննադատները դեռ չեն անդրադարձել մեզ, երևի սպասում են` չափն անցնենք, հետո։ Բայց ասեմ, որ մենք չենք սպասում, որ մեր գործը բոլորին դուր գա, ոչ էլ ուզում ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս