«Մեզ այսօր անհապաղ պետք են տնտեսական որոշումներ, որը կապահովի դրանց կիրառումն անխտիր բոլորի նկատմամբ»
Հարցազրույց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ
– Պարոն Ավագյան, ՀՀ վարչապետն օրերս խորհրդակցություն էր հրավիրել տնտեսական զարգացումների խնդիրները քննարկելու համար։ Շատ գործարարներ բազմաթիվ դժգոհություններ ունեն` թե՛ արտահանումների, թե՛ ֆինանսական շուկայում առկա խնդիրների հետ կապված։ Պաշտոնական վիճակագրությունն էլ բավականին բացասական էր։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, ի՞նչ է կատարվում տնտեսությունում։
– Ցավոք, այսօր արձանագրում ենք, որ տնտեսության վիճակը դեպի լավը չի գնում, ավելին` մեր ստացած ահազանգերից և վերլուծություններից ակնհայտ է դառնում, որ մենք խնդիրներ ունենք թե՛ ներմուծումների ծավալների, թե՛ արտահանման ծավալների, և թե՛ այլ ոլորտների շրջանառության ծավալների անգամներով կրճատման առումով։ Չցանկանալով թերագնահատել վիճակագրական ծառայություններին, շատ դեպքերում ես չեմ հենվում պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, քանի որ իրական դաշտի հետ շփվելիս ականատես ենք լինում բազմաթիվ տվյալների խեղաթյուրման և անհամապատասխանության, պարզագույն մի օրինակը բավարար է պատկերացում կազմելու համար` երկիր ներմուծվում է X ապրանք, հայտարարագրվում է Y անուն: Արդեն ունենք խեղաթյուրում, կամ հարկեր, տուրքեր հավաքագրվում են կանխավճարների տեսքով` պլանային ցուցանիշներ ապահովելու համար, անտեսելով այն հանգամանքը, որ դա գալիք ժամանակաշրջանի համար վճարվելիք հարկ կամ տուրք է։ Այդ պատճառով առաջնորդվում եմ ոլորտային բիզնեսներից հարցումներ կատարելով, որտեղ երևում են թե հայտարարագրված, թե թաքցրած եկամուտները, պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ։
– Ըստ Ձեզ` ինչպիսի՞ օպերատիվ որոշումներ է անհրաժեշտ ընդունել։
– Մենք մի կրկնվող բացթողում ունենք. մենք տնտեսությանը վերաբերող լուծումներն ընդունում ենք կամ բացառապես տնտեսական, կամ բացառապես քաղաքական, այդպես չի լինում, արդյունքում` անհաջողություն ենք ունենում։ Նորից շատ պարզ, բայց հայտնի օրինակ, անցած տարի հունիսին ընդունեցինք մի տնտեսական որոշում, որ երկրում պետք է լինի պարտադիր փաստաթղթավորում, բայց հուլիսից մինչև հոկտեմբեր ժամանակ ունեինք, որ այդ դրույթի կատարման պարտադիրությունն իրականացնեինք։ Այսինքն` քաղաքական կամք էր պետք, որ այդ դրույթը կիրառելի լիներ անխտիր բոլորի նկատմամբ, առանց հաշվի առնելու յուրայիների և ոչ:
Չկարողացանք դա ապահովել, ունեցանք անհաջողություն, հետաձգումների որոշումներ և այլն: Այսինքն, մեզ այսօր անհապաղ պետք են տնտեսական որոշումներ` պարտադիր ուղղորդված քաղաքականով, որը կապահովի դրանց կիրառումն անխտիր բոլորի նկատմամբ։
– Առաջնային ի՞նչ է պետք անել տնտեսությունն ակտիվացնելու համար։
– Ինչպես մեր ընտանիքներում, երբ մենք եկամուտների պակաս ենք զգում, սկսում ենք խնայել կամ շռայլություններ մեզ թույլ չտալ։ Այսինքն` առաջին փուլ` պետք է սկսել խնայել կամ չվատնել պետական գումարները, մեջբերեմ «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուի խոսքերից. «…Որպես Սինգապուրի վարչապետ` ես չունեի ոչ մի առավելություն, չունեի մեքենա, չունեի վարորդ, չունեի նաև այգեպաններ, խոհարարներ և այլ աշխատողներ։ Ես այնպիսի համակարգ էի ստեղծել, ըստ որի` վարչապետը և նախարարներն ամսական որոշակի գումար էին ստանում, և իրենք էին որոշում, թե ինչի վրա ծախսել այն»։
Հասկանում եմ, որ այսօրվա մեր կառավարիչները պատրաստ չեն հրաժարվելու իրենց մեքենաներից, վարորդներից և այլն, բայց մի փոքր քայլից նրանք կարող են և պարտավոր են սկսել։ Օրինակ` վաղվանից սկսած` բոլոր պետական հիմնարկների` նախարարությունների, ՊՈԱԿ-ների, ընդհուպ` մինչև պետության կողմից հիմնադրված հիմնադրամների ավտոմեքենաները ոչ աշխատանքային օրերին` շաբաթ-կիրակի, պետք է կանգնած լինեն հիմնարկների առաջ և այլևս այդ օրերին չպետք է շահագործվեն։ Սա մի փոքրիկ քայլ է, որն ի ցույց կդնի ժողովրդի առաջ, որ իրականում ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, և մենք մտածում ենք մեր պետական յուրաքանչյուր կոպեկի մասին։
Բայց սա պետք է կիրառելի լինի բոլորի համար, սովորական բաժնի պետից` մինչև վարչապետ։ Երկրորդ` պետական գնումներով պետք է աշխուժացնել տնտեսությունը, առաջնահերթություն տալով փոքր բիզնեսին, որովհետև նրանք ակտիվ հարկատուների ընդգծված մեծամասնություն են, և գաղտնիք չէ նրանց դերակատարությունը թե՛ զբաղվածության հարցում, թե՛ տնտեսական և այլ հարցերում։
Յուրաքանչյուր գերատեսչության պատասխանատու պետք է դուրս գա իր կաբինետից, գնա գտնի իրեն անհրաժեշտ ապրանք կամ ծառայություն արտադրող փոքր բիզնեսին, հանի նրան իր փոքր արտադրամասից կամ գրասենյակից և պատվիրի պետական կարիքների համար անհրաժեշտ այդ ապրանքը կամ ծառայությունը։ Դա կլինի շապիկ անմոռուկի պատկերով, կլինի գրիչ, օճառ, փական, ինչ-որ այլ մանրուք կամ ծառայություն։ Երրորդ` պետք է ստեղծել բիզնես շահերի պաշտպանության անկախ կառույցներ, ինչպիսիք կան ու գործում են քաղաքակիրթ երկրներում` բիզնես օմբուդսմեն, որն ամենօրյա ռեժիմով պետք է շփվի թե՛ բիզնեսի տարբեր շերտերի, թե՛ կառավարության անդամների հետ` ապահովելով երկխոսության անընդհատությունը կառավարության և բիզնեսի իրական հատվածի միջև։
Այսօր պետք է նորանոր գեներացիաներ անել և արագ, առանց վախենալու կյանքի կոչել։ Մենք այլևս իրավունք չունենք ընդունել թեորետիկ որոշումներ, օրենքներ, հետո կիրառության մեջ բախվենք խնդիրների հետ, նորից փոխենք մեր իսկ ընդունած որոշումները։ Նման պրակտիկան մաշել, քայքայել է մեր բիզնես միջավայրը։ Այս կերպ մենք իրավունք չունենք վատնելու մեր օրերը, և ամենակարևորը` վստահությունը։ Եթե ես լինեի որոշում կայացնողը, կազատեի ամբողջ պետական կառավարիչներին, երեք ամսվա ընթացքում կհավաքագրեի նոր անձնակազմ, որոնց դեմքերն ու դեպքերը ժողովրդին չեն հոգնեցրել 15-20 տարի։
Միգուցե իմ ասածը հեքիաթ է թվում, կամ անիրատեսական, բայց սա էլ նոր բան չեմ ասում, փորձը ցույց է տալիս, որ մեր ընդունած ցանկացած բարեփոխում կիրառության մեջ դեֆորմացվում է և ստացվում է ապարդյուն, այսինքն` մեր խնդիրը ոչ թե օրենքների մեջ է, այլ կիրառողների և նրանց վերադաս հնացած կառավարիչների։ Ոչ մի կոռուպցիա չի վերանա, ոչ մի բարեփոխում չի բարեփոխի, եթե մենք տնտեսական հեղափոխություն արած երկրների նման, ինչպես Սինգապուրն է, կամ մեր երկրի նման երկիր` Վրաստանն է, չփոփոխենք ողջ պետական ծառայողներին։