«Ինձ թվում է` հանձնարարություն ունեն, որ Սերժ Սարգսյանին չանհանգստացնեն»
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու նիստը, որի ժամանակ ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկել է նիստի օրակարգում ընդգրկել Սերժ Սարգսյանին Վալերի Պերմյակովի գործով ուղերձ հղելու իր առաջարկությունը, որը, սակայն, չի ընդգրկվել օրակարգ:
168.am-ի հետ զրույցում Լ. Բարսեղյանը պատմեց, որ ինքը հենց սկզբից, երբ ավագանին դեմ է քվեարկել իր առաջարկությանը, լքել է նիստերի դահլիճը. «Ստիպված եղա հեռանալ, որովհետև ավագանին դեմ քվեարկեց, որ օրակարգում լինի Սերժ Սարգսյանին՝ Պերմյակովի գործով ուղերձ հղելու իմ առաջարկությունը՝ երկու առաջարկությամբ, որ գործը առնի Հայաստանի իրավապահ համակարգի քննության ներքո, և երկրորդը, որ հանրությանը ներկայացնի նմանատիպ դեպքերից անվտանգության երաշխիքներ: Անցյալ նիստին ավագանին նույնպես դեմ էր քվեարկել, որպեսզի այդ հարցը մտներ օրակարգ, այս անգամ էլ հենց սկզբում՝ օրակարգը հաստատելու ժամանակ հարցը հանվեց օրակարգից»:
Լ. Բարսեղյանը նկատեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ տեղական իշխանությունները՝ ցանկացած համայքնի ավագանի, իրավունք ունի իրեն մտահոգող հարցերով՝ իր շահերի պաշտպանության համար, դիմելու պետական այս կամ այն իշխանությանը, և 1 ամսվա ընթացքում այդ իշխանությունը պարտավոր է պատասխանել ավագանուն, որը դիմել է իրեն:
«Հիմա առաջարկիս իմաստը նույնն է, քանի որ 2.5 ամսվա դրությամբ Հանրապետության գլխավոր անվտանգության երաշխավորը (հիմա դա Սերժ Սարգսյանն է) այդ գործով որևէ ձայն չի հանել, մարդկանց երաշխիքներ չի ներկայացրել, չի հայտնել իր դիրքորոշումը, ես առաջրկում էի դիմել իրեն այդ 2 հարցով, և եթե մենք դիմեինք, նա պետք է 1 ամսում մեզ պատասխաներ, օրինակ՝ ի՞նչ երաշխիքներ է ներկայացնում մեզ և հանրությանը, որ նման բան չի կրկնվելու: Եթե կա մեկը, որին պետք է դիմենք և դա Սերժ Սարգսյանը չէ, ասեք՝ դիմենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Լ. Բարսեղյանը հիշեցրեց, որ հունվարի 19-ին Գյումրու ավագանին նույն պահանջով ուղերձ ընդունեց՝ ուղղված Գլխավոր դատախազին, որպեսզի նա գործը վերցնի ՀՀ իրավապահ համակարգ: Արդեն անցել է 2 ամիս, իսկ Գլխավոր դատախազը, «օրենքը խախտելով», չի պատասխանել ավագանուն: «Երաշխիքների տրամադրման առաջարկ այդ ուղերձի մեջ չէր կարող լինել, որովհետև դատախազը օրենքներով լիազորված չէ՝ հանրությանը երաշխիքներ տրամադրել, որ նման դեպք այլևս չի լինի: Անցել է 2 ամսից ավելի, և դատախազից պատասխան դեռ չկա ավագանուն, նա, օրենքը խախտելով, չի պատասխանում մեզ»,- ասաց Լ. Բարսեղյանը:
Նաև հավելեց. «Սպասելով 2.5 ամիս և տեսնելով, որ Սերժ Սարգսյանի ծպտունը չի ելնում, ես ավելի քան կարևոր եմ համարում նրան դիմելը, անհանգստացնելը, ասելը, որ՝ պարոն Սարգսյան, սա համաժողովրդական պահանջ է: Պարզվում է՝ մեր ավագանու կարծիքով՝ դրա կարիքը չկա: Այսինքն՝ այսօրվա քվեարկությամբ ավագանին հաստատեց, որ կողմ է, որ գործը քննում է ռուսական կողմը, պահանջ չունեն Սերժ Սարգսյանից, և լավ էլ ապրում ենք, ապահով ենք, երաշխիքների համար կարիք չկա դիմենք Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց նա:
Հարցին՝ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ այն ժամանակ դատախազին ուղերձ հղելու դեպքում ավագանին կողմ է քվեարկել, իսկ հիմա՝ նախագահի դեպքում բոլորը դեմ են քվեարկում, Լ. Բարսեղյանն այսպես պատասխանեց.
«Նախագահի մասին չէ խոսքը, Սերժ Սագսյանի մասին է, դրանք իմ ընկալումների մեջ տարբեր են, խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք: Դեռևս հուվարի 19-ին խոսակցություն եղավ այն մասին, որ սպասենք, տեսնենք՝ դատախազն ինչ կասի, հետո: Անցավ մի քանի օր, փետրվարի 6-ին եղավ նախորդ նիստը, այն ժամանակ ես արդեն Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձ գրեցի, դա այն ժամանակ մերժվեց, այսօր էլ մերժվեց: Ինձ թվում է, որ հանձնարարություն ունեն, որ Սերժ Սարգսյանին չանհանգստացնեն, դե, մոտավորապես այսպես է, էլի, դե, կարիք չկա անհանգստացնել Սերժ Սարգսյանին, այլապես՝ քաղաքի շահի պաշտպանության համար ինչո՞ւ արժե դիմել դատախազին, և չարժե դիմել Սերժ Սարգսյանին: Ճիշտն ասած, կարծում եմ, այդ հարցը պետք է տրվի ավագանու այն անդամներին, որոնք դեմ են արդեն մի քանի անգամ Սերժ Սարգսյանին դիմելուն»:
Հարցին՝ դատախազին ուղղված ուղերձին բոլորը կո՞ղմ էին քվեարկել, Լ. Բարսեղյանը պատասխանեց, թե իր հիշելով՝ բոլորը կողմ են քվեարկել:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք դատախազի ուղերձի նախագծի հեղինակն է՞լ է ինքը եղել: Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ այդ ուղերձի հեղինակը այլ ավագանու անդամ է եղել:
Հարցին՝ գուցե կոնկրետ Ձեր անձո՞վ է պայմանավորված է, որ ավագանին դեմ է այդ ուղերձին, Լ. Բարսեղյանն այսպես պատասխանեց.
«Ենթադրենք՝ իմ անձի հետ է կապված, եթե իրենք ունեն այդ նույն մտահոգությունները կարող էին այս ընթացքում առաջարկել ինչ-որ տեքստ փոխել, կարող էին համահեղինակ դառնալ, վերջապես, կարող էին իրենց ձևակերպումներով իրենց ուղերձը բերեին: Քաղաքապետը կարող էր երկու ուղերձ բերեր-դներ քվեարկության՝ ասեր, էությունը նույնն է՝ որին ուզում եք՝ քվեարկեք:Երկու խնդրանք է, որ անվտանգության երաշխիքներ տա և գործն ու Պերմյակովին վերցնի Հայաստանի արդարադատության համակարգը: Այսինքն՝ դրանք շատ բնական, մարդկային և հանրության կողմից հաստատված պահանջներ են: Չենք ասում՝ Սերժ Սարգսյան, հրաժարական տուր, Սերժ Սարգսյան, հանձնի՛ր իշխանությունը, նման պահանջներ չկան այդտեղ դրած»: